Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել ԱԱԾ մեկուսարանից, որում, մասնավորապես, ասվում է.
«Աշխատանք բոլորի համար։ Բարեկեցություն բոլորի համար:
Տիպիկ հայաստանյան տեսարան, որը նկարագրում է իշխանավորների անգործությունը:
Աշխատանքային օրվա ընթացք. հայկական փոքր քաղաք կամ գյուղ, իրար հետ կանգնած աշխատունակ և եռանդուն հայ տղամարդիկ ստիպված են իրենց զբաղեցնել նարդի խաղալով: Հուսահատությամբ լցված, երբեմնի հաջողությունները հիշելով: Մարդիկ փաստացի զրկվել են լավ կյանքի մասին նույնիսկ երազելու կարողությունից:
Այսօրվա նման իրականության միակ պատասխանատուն այս իշխանությունն է՝ մեր ժողովրդի համար արժանապատիվ հնարավորություններ չստեղծելով, հուսահատեցնելով, բարեկեցիկ ապագայի նկատմամբ հավատը կոտրելով:
Ես վստահ կարող եմ պնդել, որ չնայած այս ծանրագույն պայմաններին՝ կարող ենք շատ արագ ապահովել անհրաժեշտ ու կոնկրետ լուծումներ՝ ուղղված մեր ժողովրդի բարեկեցությանը:
Հայաստանը տարեկան ներմուծում է մոտ 4 մլրդ դոլարով ավելի ապրանք, քան արտահանում է: Սա նշանակում է, որ առկա է մեծ պոտենցիալ մեր երկրում արտադրությունների կառուցման, շահավետ ներդրումային ծրագրեր ստեղծելու համար՝ հատկապես շրջանների բնակիչներին ապահովելով արժանապատիվ աշխատանքով:
Շատ կարճ ժամանակում կարող ենք ներգրավել միջազգային խոշոր ներդրողների՝ իրենց արտադրական հզորություններով, խթանել տեղական բիզնեսը՝ թիրախային պետական աջակցության ծրագրերով, այլ ոչ թե «փայ մտնել», կամ փորձել «խլել»: