Այսօր առավոտից սյունեցիները ահազանգում են, որ Սյունիքի Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։ Ադրբեջանցիները Սև լճի տարածքից կիլոմետրերով առաջ են եկել և կանգնել։
Մինչդեռ, իշխանմետ լրատվամիջոցները և սոցիալական կայքերում որոշ օգտատերեր շտապեցին այս տեղեկատվության տարածումը որակել որպես մեդիատեռոր։ ԱԱԾ-ն էլ հորդորեց զերծ մնալ չճշտված տեղեկությունների հրապարակումից։
ArmDaily.am-ի հետ զրույցում պահեստազորի գնդապես, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն անդրադառնալով տեղեկությունների հետքերով գնացող լրատվամիջոցների վարքագիծը մեդիատեռոր անվանելուն, արձագանքեց, թե ուրիշ ինչ կարելի էր սպասել ստախոս վարչապետից։
«Հիշո՞ւմ եք՝ գերագույն վիժվածք կոչված Փաշինյան Նիկոլը ինչ էր ասում, ասում էր պետք չի պետական գաղտնիք բացահայտել, ամբողջ հայ-ադրբեջանական սահմանին մենք իրավիճակին տիրապետում ենք և որևէ խախտում և Ադրբեջանի կողմից մեր տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ ագրեսիա բացառվում է։ Ասում էր, որ պետք չի հակառակորդն իմանա, թե ինչպես ենք վերահսկում իրավիճակը։ Ստացվում է, որ վերահսկում են այնպես, որ մենք մի հենակետ ունեինք Իշխանասարում, որ ադրբեջանցիները շրջափակել են։ Դա փաստ է։ Մինչդեռ, մենք ունենք մարզպետ, ով ասում է, որ ադրբեջանցիները մոլորվել են այդտեղ գալով։ Մաղթում եմ, որ մոլորված ադրբեջանցիները այցելեն Մելիքսեթի տուն, այցելեն իր կնոջը, իր հարազատներին, տխմարությունն էլ չափ ու սահման ունի։ Բայց այս մարդկանց մոտ այդ սահմանը չկա»։
Նա նշեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ ռուս սահմանապահներն են այժմ բանակցություններ վարում։ «Այո, գիշերը եկել են վրաններ են խփել ու նոր դիրքեր են դրել։ Գիտեք՝ ինչ է նշանակում Իշխանասարը վերցնելը, նշանակում է շրջակա ամբողջ տարածքների վրա իշխող դիրք վերցնել, ներառյալ նաև այն երկու ռուսական ռազմական հենակետերի նկատմամբ, որոնց մասին հպարտութամբ Փաշինյան Նիկոլը հայտարարում էր։ Ընդ որում՝ այդ բարձրունքը պահում է մեկ մարտական հենակետ, որը շատ դյուրին կերպով ադրբեջանցիները եկել շրջափակել են։ Արդեն մի քանի ժամ է, երկնքում ռազմական ինքնաթիռների շարժիչների ձայներ են լսվում և ռուսական կողմը բանակցություններ է վարում։ Ըստ իմ տեղեկությունների՝ ադրբեջանցիները գիշերը դրած վրանները սկսում են հավաքել ու հեռանալ։ Իսկ գիտե՞ք Սև լիճը քանի բնակավայրի է խմելու ջուր մատակարարում՝ առաջին հերթին Գորիսին։ Հնում, երբ բերդեր ու քաղաքներ էին պաշարում՝ պաշարման համար փակում էին բերդ մտնող սննդի ճանապարհը և ջրի, որպեսզի կամ հանձնվեն կամ փախնեն, հիմա այդ քաղաքների ջուրը կտրում են, իսկ այս տխմարները նման հիմարություններ են դուրս տալիս։ Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին՝ ԱԱԾ-ն թող գնա իջևանցու բերած էշին հարցաքննի, կամ պարզի, թե ինչպես է էդ էշի տիրոջ գրպանում բան հայտնվել»։
Հարցին, թե Ձեր գնահատմամբ ի՞նչ թիրախային խնդիր է լուծում ՀՀ իշխանությունը, երբ փորձում է կեղծել իրականությունը և թաքցնել՝ նա պատասխանեց, որ բանն այն է, որ նրանք ունեն պարտավորություններ Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների նկատմամբ, նաև նրանց կուրատորի՝ Մեծ Բրիտանիայի առջև։ «Կան բանավոր և գրավոր պայմանավորվածություններ։ Եթե Հրանտ Բագրատյանը ժամանակին չհայտնաբերեր այդ 6 կետանոց հուշագիրը, որտեղ նշած էր Կուբաթլիից և Զանգելանից զորքերի հանման մասին, ապա ինչպես էինք իմանալու, որ նման փաստաթղթավորված պայմանավորվածություններ կան։ Ես չգիտեմ, թե էլ ինչ պայմանավորվածություններ կան։ Հայաստան- Ադրբեջան սահման գոյություն չունի, իսկ ադրբեջանցիները լրացուցիչ գումար են տալիս GPS -Գուգլ համակարգին՝ ադրբեջանական սահմանների ընդլայնման համար։ Մինչդեռ լրատվական միջոցներ կան, որոնք ասում են, որ այս մարդը վաճառել է։ Այսինքն՝ կա պարտավորություն կամ կոմպրոմատներ, որոնք այդ երկրների հատուկ ծառայությունները օգտագործում են։ Մեծ հաշվով՝ Փաշինյանը Հայաստանում որպես թշնամի է գործում, ոչ թե վատ կառավարիչ է կամ դավաճան, իրականում նման բան չկա, նա թշնամի է․ քանի դեռ մեր ժողովուրդը չի գիտակցել, որ Փաշինյան Նիկոլը թշնամի է՝ մենք կորուստներ ենք ունենալու» ։