Կյանքից հեռացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, «Նոր անունների» ղեկավար Սիլվա Մեքինյանը. գրում է ՕՐԵՐ եվրոպական ամսագրը՝ հրապարակելով Նոնա Ոսկանյանի հրաժեշտի խոսքը.
Մեծերը հեռանում են․․․ Հեռանում են դեպի երկինք՝ թողնելով իրենց լուսավոր հետագիծը երկրի վրա։ ՍԻԼՎԱ ՄԵՔԻՆՅԱՆԻ ապրած 95 տարիների, լեցուն կյանքի ու եռանդուն գործունեության երկրային հետագիծը դեռ երկար ժամանակ է լուսավորելու բոլորիս․․․
Նա հեռացավ այս կյանքից ու տարավ իր հետ մի ամբողջ դարաշրջան՝ խորհրդային ժամանակներից մինչև մեր օրերը։ Ապրեց երաժշտահասարակական ղեկավար-գործչի բացառիկ կյանքով, որը յուրատեսակ մի նվիրում էր հայրենական մշակույթին։
Գաղտնիք չէ, որ մարդկային կյանքի երկարակեցության չափանիշները սահմանվում են ոչ միայն ապրած տարիների քանակով, այլև՝ նրա կատարած գործերով։ Սիլվա Մեքինյանի աշխատանքային գործունեության տարեգրությունը մշակութային կյանքի ղեկավար պաշտոնների մի ամբողջ համաստեղություն է, որն արժանիորեն կերտել է նա՝ «հայոց աշխարհի փափկասուն տիկինը»։
Գյումրեցի Մկրտիչ Մեքինյանի ավանդապաշտ ընտանիքի դուստրն ավարտել էր Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոցի ջութակի բաժինը, այնուհետև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ ուսանելով մեծահռչակ Դմիտրի Լեգկերին և Վիտոլդ Պորտուգալովին։ Արդեն ուսանողական տարիներից էին ի հայտ եկել սիրունատես աղջկա կազմակերպչական ձիրքը կոմերիտմիության շարքերում, մարզական հաջողությունները սեղանի թենիսի մրցումներում։
Իր համար անսպասելի մի հրամանով կոնսերվատորիայի 24-ամյա շրջանավարտը դարձավ Էջմիածնի երաժշտական դպրոցի տնօրեն և ջութակի դասատու։ Աշխատանքը պատասխանատու էր ու պարտավորեցնող։ 65 տարի անց Երևանում համերգային երեկոներից մեկի ավարտից հետո Սիլվա Նիկիտիչնային պետք է մոտենային և ձեռքը համբուրեին երկու պատկառելի տղամարդ՝ իր առաջին դպրոցական սաները․․․
1960 թվական․․․ Սիլվա Մեքինյանը նշանակվում է Երևանի խորեոգրաֆիկ ուսումնարանի տնօրեն։ Ջութակ և հանկարծ բալետ՝ առաջին հայացքից երկու իրարամերժ ու անհամատեղելի ոլորտներ․․․ Դեռ ավելին՝ առաջին իսկ մանկխորհրդում ռուսական կրթությամբ նորանշանակ ռուսախոս տնօրենը դիտողություն է ստանում ուսումնարանի հայախոս ուսուցչից։ Մարտահրավերն ընդունված էր․․․ Արտահերթ հրավիրված հաջորդ մանկխորհրդի նիստի ներկաներին սպասվում էր երկու անակնկալ։ Բեմում հայտնվում է իսպանական պարուհու շորերով հագնված երիտասարդ տնօրինուհին՝ շնորհալիորեն կատարելով մի քանի օրում սովորած դասական պարը և այնուհետև՝ շարունակում նիստը մաքուր հայերենով։ Կեսարը կասեր․ «Եկա, տեսա, հաղթեցի»։ Ուսումնարանի այս «հաղթանակը» պետք է շարունակվեր տասներեք տարի, իսկ բալետը՝ դառնար Սիլվա Նիկիտիչնայի «թույլ» կողմերից մեկը։
Հետագա ինը տարիները նոր հորիզոններ բացեցին Մեքինյան-ղեկավարի համար։ Գործունեության դաշտն այս անգամ հանրապետության գլխավոր երաժշտական թատրոնն էր՝ Երևանի Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը։ Նոր ասպարեզ, նոր նպատակներ, նոր ներկայացումներ․․․ Կարճ ժամանակ պետք է անցներ, որ Օպերային թատրոնի աշխատակիցները սիրեին ու ընդունեին իրենց առաջին կին-տնօրենին։
Սիլվա Նիկիտիչնայի ղեկավարության տարիներին թատրոնի խաղացանկը համալրվեց թե՛ օպերային, թե՛ բալետային նոր առաջնախաղային ներկայացումներով, կազմակերպվեցին հյուրախաղեր տարբեր երկրներում։ Պետք էր տեսնել, թե մեր օրերում Օպերային թատրոնի հնաբնակ աշխատակիցներն ինչպիսի հարգանքով ու ակնածանքով էին դիմավորում Սիլվա Նիկիտիչնային։ Իսկ նա՝ երբեմնի տանտիրուհու հպարտ գոհունակությամբ, ցույց էր տալիս իր ղեկավարության տարիներին իրականացված թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքի արդյունքները՝ ճեմասրահի մարմարապատ սյուները, որմնանկարները, նվագախմբի շարժական փոսը, հայկական նախշազարդով դրվագված վարագույրը, բյուրեղապակյա ջահերը․․․ Սիլվա Նիկիտիչնան սիրում էր կիսվել իր կյանքի այդ շրջանի հիշողություններով, այն նվիրական անուններով, որոնք կարևոր դեր էին խաղացել Օպերային թատրոնի հիմնանորոգման ժամանակ։ Այդ հիշողությունների հերոսներն էին Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը և շատ ուրիշ ճանաչված արվեստագետներ։ Կատակով էր հիշում նաև նվագախմբի գյումրեցի փողհարներին, որոնք առաջարկել էին «որակի նշան զարկել դիրեկտորի պասպորտի մեջ»։
Մեքինյան-ղեկավարի հաջորդ հանգրվանը Հայկական ՍՍՀ-ի Մշակույթի նախարարությունն էր, որտեղ նա աշխատեց 1982-1991թթ․՝ որպես Մշակույթի նախարարի տեղակալ։ Անգնահատելի էր նրա վաստակը հանրապետության մշակութային կյանքի աշխուժացման, տարբեր երկրների հետ ստեղծագործական նոր կապերի հաստատման, նոր նախագծեր կյանքի կոչելու գործում։ Զարմանալի տաղանդի, կազմակերպչական հզոր ներուժի, մեծ եռանդի ու հմտությունների տեր, իր գործին անմնացորդ նվիրված բացառիկ մի անձնավորություն էր Սիլվա Նիկիտիչնան՝ օժտված վառ երևակայությամբ, արվեստում լավն ու վատը արժևորելու բնածին ընդունակությամբ, իր արվեստակից շրջապատին խանդավառելու և իսկական առաջնորդին բնորոշ՝ իր ետևից տանելու, կարողությամբ։ Նա գիտեր գնահատել Գեղեցիկը, կարողանում էր թելադրել ճաշակ, սահմանել մասնագիտական բարձր նշաձող և հստակ չափանիշներ․․․
1988-ի սպիտակյան երկրաշարժից հետո, երկրի քաղաքական ու տնտեսական ծանր ճգնաժամի, մշակութային գործիչների արտահոսքի պայմաններում, Սիլվա Նիկիտիչնայի նախաձեռնությամբ հիմնադրված «Մշակույթի գործիչների ընկերակցության» շրջանակներում ծնվեց նրա սիրասուն զավակը՝ Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրը։ Այդ պահից մինչև իր երկրային կյանքի վերջին օրերը նա ապրում ու շնչում էր «Նոր անուններով»։
Նա իր հոգու ողջ թելերով կապվեց պատանի սերնդին զորավիգ լինելու շնորհակալ գործին և շուրջ չորս տասնամյակ հյուսեց «Նոր անունների» ստեղծագործական հարուստ տարեգրությունը։ Հայտնաբերել և աջակցել պատանի տաղանդներին` այսօրվա նոր անուններին ու ապագայի հոգևոր մշակույթի կերտողներին՝ սա է եղել Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի գլխավոր նպատակը։ Սիլվա Նիկիտիչնան, հիրավի, դարձել էր երաժշտական մի մեծ ընտանիքի մայր, ով անսահման գուրգուրանքով էր պարուրում իր զավակներին, հուզվում յուրաքանչյուրի հետ, քաջալերում յուրաքանչյուրին։
Սիլվա Նիկիտիչնայի ղեկավարությամբ հայ պատանի երաժիշտ-դեսպանների ելույթների աշխարհագրական ընդգրկումները հասել են մինչև Լատինական Ամերիկա, Եվրոպա, Մերձավոր Արևելք: Նրանց ծափահարել են աշխարհի տասնյակ երկրներում` Արգենտինա, Ուրուգվայ, Բրազիլիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Մոնակո, Մալթա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ավստրիա, Դանիա, Չեխիա, Հունաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Բելգիա, Լյուքսեմբուրգ, ԱՄՆ, Կանադա, Բուլղարիա, Պարսկաստան, Թուրքիա, Լիբանան, Սիրիա, Հորդանան, ԱՄԷ, Մեքսիկա, Գվատեմալա:
Անցած տարիների ընթացքում պատանի երաժիշտների քանի՜-քանի՜ սերունդ է մեծացել «Նոր անունների» ընտանիքում: Նրանք՝ երբեմնի նորելուկ պատանի մենակատարները, այսօր արդեն ճանաչված անուններ են դարձել աշխարհում՝ միջազգային տարբեր մրցույթների, փառատոների բազմակի դափնեկիրներ։ Այսօր նրանք հանդես են գալիս ամենահեղինակավոր համերգասրահներում՝ ամենուրեք հնչեցնելով հայ երաժշտակատարողական արվեստի ձայնը:
2011 թվականին Սիլվա Նիկիտիչնայի նախաձեռնությամբ կյանքի կոչվեց ևս մի աննախադեպ երաժշտական նախագիծ՝ Պատանի երաժիշտ-կատարողների «Նոր անուններ» միջազգային փառատոն։ Տասնմեկ տարի շարունակ այն Հայաստան բերեց արտերկրի թե՛ օտարազգի և թե՛ սփյուռքահայ տասնյակ պատանի երաժիշտ-կատարողների՝ նրանց հնարավորություն ստեղծելով հանդես գալ երևանյան բեմահարթակներում, ելույթ ունենալ Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ և Պետական կամերային նվագախմբերի հետ, այցելել տեսարժան վայրեր և այլն։ Մեր հայրենակիցներից շատերի համար փառատոնը դարձավ Հայաստան-աշխարհ հայրենիքը ճանաչելու, սիրելու և նրա հետ կապվելու միջոց։ Փառատոնային համերգները վերածվում էին պատանեկան տաղանդի երաժշտական յուրատեսակ հրավառությունների՝ ուղեկցվելով հանդիսատեսի շռնդալից ծափահարություններով, Սիլվա Նիկիտիչնայի միշտ ոգեշունչ եզրափակիչ խոսքով։
Հիրավի, լեգենդար անձնավորություն էր մեր Սիլվա Նիկիտիչնան՝ իր ազնվափայլ կեցվածքով, հայեցի նիստուկացով, ոսկեղենիկ հայերենով, խոսքի բարձրարվեստ կուլտուրայով, իր անմահական «Չանախով», այնքան սպասված կարկանդակներով։ Իր անսահման ջերմության, մեծահոգության ու հոգատարության հետ մեկտեղ, խստապահանջ էր ու կտրուկ՝ արվեստում կեղծիքի, ֆալշի, թերացումների դեմ։
«Երեխաները մեր ապագան են: Սակայն միշտ պետք է հիշենք, որ շնորհալի երեխաները մեր լուսավոր ապագան են: Այդ ապագայի հեռանկարով պետք է զինվենք այսօր, աջակցենք և ուղի հարթենք պատանի տաղանդի համար՝ ներկայացնելով աշխարհին այսօրվա մեր «ոսկե հիմնադրամը», իբրև հայ ժողովրդի անսպառ կենսունակության ու հոգևոր վերածննդի բարձրագոչ վկայություն։ Եթե մարդկային սրտերը բացվեն պատանի տաղանդին ընդառաջ, ապա այդ ծիլերը կամրանան, խոր արմատներ կտան ու կծաղկեն հանուն մեր երազած հզոր հայրենիքի»: Այս հավատամքով էր ապրում ու գործում նա՝ Հայոց աշխարհի մշակութային ապագան կերտող Մեծն տիկինը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Մշակույթի գործիչների ընկերակցության նախագահ, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի ղեկավար ՍԻԼՎԱ ՄԵՔԻՆՅԱՆԸ։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի, և վաստակն ապրողաց օրհնյալ եղիցի․․․
Պայծառ հիշատակ․․․
P.S. Իմ անզուգական և անփոխարինելի Սիլվա Նիկիտիչնա․․․
Մի ամբողջ կյանք վայելեցի Ձեր ներկայությունը՝ Ձեր սերը, ջերմությունը, գնահատանքն ու բարեկամությունը, Ձեր խրատներն ու հոգատարությունը, «վայելեցի» նաև Ձեր կշտամբանքն ու հանդիմանությունները՝ ուղղված «անառակ» աղջկան․․․ Հիմա ես եմ կրկնում Ձեր խոսքերը․ «С Вами не могу, но и без Вас тоже не могу․․․»