95 տարեկանում վախճանվել է իտալացի աշխարհահռչակ դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան։
Ջինա Լոլոբրիջիդան ծնվել է 1927 թվականին Իտալիայի Սուբիակո քաղաքում։ Սովորել է թատերական ուսումնարանում։ Աշխատել է որպես մանեկենուհի։
Հանդիսատեսին դերասանուհին առավել հայտնի է «Ֆանֆան վարդակակաչ» և «Փարիզի Աստվածամոր տաճարը» ֆիլմերում խաղացած դերերով։

Տարբեր պարբերականների կողմից ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը, 1947 թ. Իտալիայում մասնակցելով գեղեցկության մրցույթի գրավել է 3-րդ տեղը։

Առաջին անգամ գլխավոր դերով հանդես է եկել Կարլո Լիձանիի «Զգույշ ավազակներ» ֆիլմում: Լոլոբրիջիդան նկարահանվել է ինչպես իտալացի, այնպես էլ ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի ռեժիսորների ժապավեններում։

Դրանցից են Ռենե Կլերի «Գիշերային գեղեցկուհիները» (1953), Լուիջի Ձամպայի «Գեղեցկուհի հռոմեուհին» Քերոլ Ռիդի «Տրապեզ», Ժյուլ Դասսենի «Օրենքը», «Բրուկլինցի Աննան», Քինգ Վիդորի «Սողոմոնը և Շաբայի թագուհին, Եժի Սկոլոմովսկիի «Թագավորը, դաման և սպասավորը», Յուջին Մարտինի «Չար մարդկանց գետը», Ռովեր Բելետիի «Մորս համար վարդեր չգտա», Թոնի Նավարոյի «Իժերի կծիկը», «Ֆան-ֆան վարդակակաչ» (ռեժ. Քրիստիան-Ժակ, Ժերար Ֆիլիպի հետ), «Հաց, սեր և ֆանտազիա», «Տրապեցիա» «Փարիզի Աստվածամոր տաճարը» (ռեժ. Ժան Դելանուա, Էնթոնի Քուինի հետ, 1956թ. ) և 1973 թվականին մոսկովյան ութերորդ միջազգային կինոփառատոնում մանկական ֆիլմերի մրցույթում ոսկե մրցանակի արժանացած «Պինոքիոյի արկածները» կինոնկարները։