ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև հրադադարի մասին հայտարարությունը և կոչ է արել բոլոր կողմերին հարգել միջազգային իրավունքը և հրադադարը: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ:
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Միացյալ Նահանգների և Իրանի կողմից երկշաբաթյա հրադադարի մասին հայտարարությունը: Նա կոչ է անում Մերձավոր Արևելքում առկա հակամարտության բոլոր կողմերին կատարել միջազգային իրավունքի համաձայն իրենց պարտավորությունները և հարգել հրադադարը՝ տարածաշրջանում երկարատև և համապարփակ խաղաղության ճանապարհ հարթելու համար», – ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ռազմական գործողությունների դադարեցումը անհապաղ անհրաժեշտ է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև շնորհակալություն է հայտնել Պակիստանին և այլ միջնորդներին հրադադարի հաստատման գործում ցուցաբերած օգնության համար:









