Ձեզ սպասվում է Հադրութի ճակատագիրը՝ անտուն, անտեր թափառելու եք ինչ-որ մի երկրում, որովհետև չեք ուզում մեր երկիրը պահենք, իշխանությունները երկիրը ծախում են, մենք սուսուփուս նայում ենք։ Այս մասին Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրիյանը։
«Որոշել էինք կոչով դիմել մեր հասարակությանը, այս անգամ ոչ միայն Հադրութից, Քարվաճարից, Քաշաթաղից տեղահանվածներին, այլ՝ ամբողջ հայությանը, հայ հասարակությանը, որ դուրս գան՝ իրենց շահը պաշտպանելու։ Ցավոք՝ տեսնում եք, որ մեր կոչին արձագանքողներ շատ քիչ են, ժողովուրդն իր վիճակով չի հետաքրքրում։ Ընդամենն ուզում ենք կոչ անել ժողովրդին՝ բացատրելու, հասկացնելու, որ վիճակը շատ վատ է, այնքան վատ է, որ համարյա մոտենում է անելանելիին։ Ցանկանում ենք կոչ անել ժողովրդին՝ դուրս գալ իրենց շահը պաշտպանելու»,- նշեց Հայրիյանը՝ հավելելով, որ ստեղծված վիճակի մեղավորը ժողովրդի իներտությունն է.
«Այս իրավիճակը կարելի է գնահատել որպես դանակը ոսկորին կպած, բայց այս պահին էլ ժողովուրդը քայլ չի անում՝ իրավիճակը փոխելու համար։ Այս իշխանությունները պետք է հեռանան, որովհետև չեն սպասարկում հայ ժողովրդի շահը»։
Հայրիյանը հիշեցրեց 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ նշելով, որ մեր իշխանությունը ներկայացնող ուժը պայմանագիր կնքեց թշնամու հետ՝ իբրև կանգնեցնելու նրանց առաջխաղացումը, իսկ թե ինչ իմաստ, ինչ ուժ ունի պայմանագիրը՝ բոլորս ենք տեսնում, ամեն օր առաջանում են, ապա մտահոգություններ հայտնեց Պրահայում հանդիպումից հետո Փաշինյանի հայտարարության առնչությամբ, թե Ալիևը մեր պայմաններին համաձայն չէ։ Հայրիյանը մտահոգություն հայտնեց առ այն, որ 2020թ նոյեմբերից սկսած Ալիևն անում է այն, ինչ ասում է, Նիկոլ Փաշինյանն էլ խնդրում է՝ Ալիևը չի համաձայնում, ապա դա նշանակում է, որ Ալիևը հասնելու է իր հաջորդ քայլին, այն է՝ Հայաստանի հարավի օտարումը, ճանապարհների տրամադրումը Ադրբեջանին, ընդ որում, Փաշինյանն ինքն իր բերանով ասում է, որ ճանապարհը սպասարկելու են ոչ հայերը։ Իսկ թե ինչու է քաղաքական հայտարարությամբ հանդես գալիս, Հայրիյանը պարզաբանեց՝ խնդիրն այն է, որ քաղաքական գործիչները քաղաքականությամբ չեն զբաղվում, ժողովուրդը պետք է զբաղվի քաղաքականությամբ։
«Քանի որ փախստականների, հայ մարդկանց հարցը պետք է լուծի Կառավարությունը, խոսում ենք կառավարությունից, այն կառավարությունից, որ մենք չունենք, որ չի սպասարկում հայի շահը, չի սպասարկել և չի պատրաստվում սպասարկել»,- նշեց Հայրիյանը՝ հիշեցնելով «ՔՊ»-ականների հայտարարությունները՝ Էդուարդ Աղաջանյանը հայտարարում է, թե այլևս չենք կարող Արցախը պահել, Ալեն Սիմոնյանը՝ Հադրութը Հայաստանի մեջ չի, Նիկոլ Փաշինյանն էլ՝ Ալիևն այս չի ուզում, այն չի ուզում։ Հայրիյանը մտահոգված է՝ «Քաղաքացիական պայմանագրի» առաջիկա հայտարարությունը լինելու է՝ «չենք կարող Հայաստանի անկախ պետության շահերը պաշտպանել, ինչպես՝ հիմա Արցախի շահերը պաշտպանելու մասին են ասում, որ Արցախը պետք է միայնակ դիմադրի, ասելու են՝ մենք չունենք այն շքեղությունը, որ անկախ պետություն պահենք, պետք է մտնենք ուրիշ պետության կազմ, քանի որ Թուրքիան խնդրահարույց է, ոխերիմ դաշնակից Ռուսաստանը՝ թույլ և հեռու, լավ կլինի մտնենք Ադրբեջանի կազմ, քանի որ Ալիևն է այդպես ուզում։ Թող ձեզ ֆանտաստիկ, ծիծաղելու չթվա՝ հաջորդ հայտարարությունը «ՔՊ»-ի դա է լինելու»։
Նա ընդգծեց՝ հայ ժողովուրդը պետք է արթնանա, չքնի տանը, ռեստորանում նստի, աշխատանքից չխոսի, հիմա փողի ժամանակը չէ, վերջանում է երկիրը, պրծնում է։
Աղբյուր` Փաստինֆո