Չորեքշաբթի՝ մարտի 5-ին Բաքվի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի կապակցությամբ վարչապետ Ալի Ասադովը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Արտակարգ իրավիճակների նախարարի, նախարարության համապատասխան կառույցների ղեկավարների, SOCAR-ի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, հայտնում է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։ Այս մասին գրում է https://haqqin.az-ը։
Ալի Ասադովն այցելել է դեպքի վայր և հետևել հրդեհի մարման գործընթացին։ Արտակարգ իրավիճակների նախարարություն հրշեջները մարել են նավթավերամշակման գործարանի տարածքում բռնկված հրդեհը։
Արտակարգ իրավիճակների նախարար Քամալադին Հեյդարովը, SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆը և այլ պատասխանատու պաշտոնյաներ զեկուցել են հրդեհի պատճառների հետաքննության մասին և գնահատել պատճառված վնասը։
Վարչապետը հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել դեպքի պատճառները և միջոցներ ձեռնարկել՝ հետագայում նմանատիպ դեպքերը կանխելու համար։
Հաղորդվում է, որ կանչի հասցե է ուղարկվել շտապօգնության երեք խումբ։
Դեպքի կապակցությամբ նաև դեպքի վայր են եկել բնապահպանության և բնական պաշարների նախարարության Շրջակա միջավայրի մոնիտորինգի կենտրոնի մասնագետները՝ մթնոլորտային օդի վիճակը վերահսկելու և անհրաժեշտ չափումներ կատարելու համար։
Բացի այդ, հրդեհի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-գնդապետ Քամալադին Հեյդարովը, ինչպես նաև Բաքվի քաղաքային գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովը՝ միջադեպի հետևանքները վերացնելու գործողությունները համակարգելու համար։
Ինչպես հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից, իրավապահները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները անվտանգության ապահովման համար։