Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է Շվեդիայում մզկիթի առջև Ղուրանի այրման ակցիան:
«Ես զայրույթ և զզվանք եմ զգում այդ գործողությունների նկատմամբ։ Ցանկացած գրքի, որը մարդիկ սուրբ են համարում, պետք է հարգանքով վերաբերվել` ի նշան հավատացյալների հանդեպ հարգանքի։ Արտահայտվելու ազատությունը երբեք չպետք է օգտագործվի որպես ուրիշներին արհամարհելու պատրվակ»,-հայտարարել է հայրապետը։
Ստոկհոլմում Կուրբան Բայրամի տոնի ժամանակ Ղուրանի այրելը լայն արձագանք է գտել աշխարհի շատ երկրներում։ Իրաքը Շվեդիայի իշխանություններից պահանջել է արտահանձնել ակցիան իրականացրած ներգաղթյալին՝ նրա նկատմամբ դատավարություն անցկացնելու համար, ընդ որում անցած շաբաթ տասնյակ իրաքցիներ բողոքի ակցիայի են հավաքվել Բաղդադում Շվեդիայի դեսպանատան մոտ:
Կատարվածը դատապարտել են նաև Ալժիրը, Աֆղանստանը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Լիբանանը, Սիրիան, Թուրքիան, Ուզբեկստանը, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ ալ Բուդայվեն:
Հորդանանի և ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունները կանչել են Շվեդիայի դեսպաններին` նրանց բողոքի նոտա հանձնելու համար: Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այս միջադեպի մասնակիցների անպատժելիությունը կարող է անկանխատեսելի աղետալի հետևանքների հանգեցնել։