Մյուռոնը Հայոց Եկեղեցում գործածվում է հետևյալ դեպքերում`
Ս. Դրոշմի խորհրդի ժամանակ, երբ քահանայական աստիճան ունեցող հոգևորականը Մյուռոնով օծում է մկրտվածի մարմնի ինը մասերը` նրան փոխանցելով Ս. Հոգու շնորհները:
Մյուռոնով են կատարվում քահանայական, եպիսկոպոսական և կաթողիկոսական օծումները: Քահանայական օծման ժամանակ ձեռնադրող եպիսկոպոսն օծում է ընծայացուի ճակատը և երկու ձեռքերը, եպիսկոպոս ձեռնադրելիս Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծում է ապագա եպիսկոպոսի ճակատը և աջ բթամատը` իշխանություն տալով նրան ձեռնադրություններ կատարելու, եկեղեցիներ օծելու և այլն: Մեր Եկեղեցում օծվում են նաև Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսները: Մյուռոնը հեղվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխին` որպես Հայոց Եկեղեցու ընդհանրական Հայրապետի և Լուսավորչի հոտի միությունը պահպանողի: Մյուռոնով օծվելն է պատճառը, որ հայ հավատացյալը համբուրում է օծված հոգևորականի աջը, իսկ ձեռնադրությունից հետո` մյուռոնված ճակատը: Հնում Մյուռոնով են օծվել նաև հայ թագավորները:
Մյուռոնով են օծվում նորակառույց եկեղեցու հիմքի խաչապատկեր քարե սալիկները, դուռը, զանգը, գմբեթի խաչը, եկեղեցու նավակատիքին` Ս. Խորանը, Մկրտության Ս. Ավազանը, Հիսուս մանկան հետ Տիրամոր նկարը և եկեղեցու սյուները: Եվ միայն օծվելուց հետո է եկեղեցում մատուցվում Ս. Պատարագ, քանզի այն արդեն սրբագործված է և մաքուր:
Ամեն տարի հունվարի 6-ին` Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Ս. Պատարագից հետո կատարվող ջրօրհնեքի ժամանակ Մյուռոնը հեղվում է Հորդանան գետը խորհրդանշող ավազանի մեջ` ի հիշատակ մկրտության ժամանակ Հորդանանում Հիսուսի վրա Ս. Հոգու էջքի: