Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան վարորդ Արամ Նավասարդյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդը կշարունակի մնալ ազատության մեջ:
Տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի օրինական շահերի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այս պահին պաշտոնական որևէ տեղեկատվություն չունեն, իմացել են ԶԼՄ-ներից։
Նա դժվարացավ ասել, թե ինչի հիման վրա է դատարանը կալանքի միջնորդությունը մերժել. «Այնուամենայնիվ, ի սկզբանե անձին չկալանավորելը, ի սկզբանե փախուստի համար մեղադրանք չառաջադրելը, 15 օր հետո կատարված գործողությունները հավանաբար նպաստել են նրան, որ դատարանը հենց այդպիսի հիմքով էլ կարող է ազատ արձակած լինել։ Ես ինքս բովանդակության մասին որևէ տեղեկություն չունեմ»։
Րաֆֆի Ասլանյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ տուժող կողմը հետևողական է լինելու քրեական գործին, որպեսզի մինչև վերջ ընթացք ստանա։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին ժամը 18:20-ի սահմաններում, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ, որի հետևանքով 28-ամյա հղի կին է մահացել: Կինը վրաերթի է ենթարկվել Փաշինյանին ուղեկցող ՃՈ ծառայությանն ուղեկցող սպայական վաշտի ավտոմեքենայով։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ վրաերթի ենթարկողը եղել է վաշտի հրամանատարը: Նա ձերբակալվել էր: 2022թ. ապրիլի 29-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում էր կայացվել Ա. Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ինչպես նաև նրան մեղադրանք էր առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-ին մասով:
Նույն օրը կայացրած որոշմամբ Ա.Նավասարդյանն ազատվել էր արգելանքից, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 2022թ. մայիսի 2-ին քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականցնող դատախազը որոշում էր կայացրել Ա. Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրություն չհեռանալու մասին որոշումները վերացնելու մասին:
Նախօրեին վարույթն իրականացնող քննիչը որոշում էր կայացրել ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վարորդը դարձյալ ձերբակալվել էր, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն էր ներկայացվել դատարան։