Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը չի կասկածում, որ Բաքվում պահվող հայ գերիների հարցն ԱԳՆ օրակարգում է, և որոշ հարթակներում այդ մարդկանց հետագա ճակատագրի հարցը բարձրացվում է, սակայն, ըստ նրա, ակնհայտ է, որ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անկեղծ խոստովանել է՝ իրենց ջանքերը որևէ արդյունք չեն տվել։
«Եվ դա այն պարզ պատճառով, որ ՀՀ գործող իշխանությունների վարած պարտվողական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությանը զրկել է Ադրբեջանի վրա որևէ հարցով որևէ ճնշում գործադրելու հնարավորությունից՝ հատկապես, որ գործող իշխանությունները ոչ միայն նման քաղաքական կամք չունեն, այլև ամեն հարցում փորձում են գոհացնել Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ ապօրինի պահանջները։
Հետևաբար ԱԳՆ-ը, որը ենթարկվում է կառացվարության ղեկավարի հրահանգներին և իրականացնում է միջազգային հարաբերությունների ոլորտում ՀՀ վարչապետի վարած քաղաքականությունը, գերիների վերադարձի հարցում, բնականաբար, որևէ դրական արդյունքի չի կարող հասնել։
Բացի այդ՝ քանի որ ՀՀ միջազգային հեղինակությունն ու կշիռն առավել քան զրոյական են և անգամ զրոյից ցածր, բնականաբար արտաքին դերակատարները ևս որևէ հետաքրքրություն կամ շահագրգռություն չունեն զբաղվելու Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների՝ հայրենիք վերադարձի հարցով»,- ասաց Ալեքսանդր Քանանյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ ներկա աշխարհում իրադարձությունները մտել են համապարփակ վերափոխումների փուլ, և բոլորը մոռացել են հայ գերիների մասին։
«Չեմ բացառում, որ դեռ շատ երկար տարիներ նրանց չեն էլ հիշի»,- ամփոփեց Ալեքսանդր Քանանյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցը ՀՀ ԱԳՆ օրակարգում է, բայց իրականացվող կոնկրետ քայլերը գոհացուցիչ չեն։
Նա հավաստիացրել էր, որ ոչ միայն վերջին շրջանում, այլև միշտ ԱԳՆ յուրաքանչյուր պաշտոնյա ԵՄ հետ յուրաքանչյուր միջոցառման, շփման ժամանակ մշտապես այդ հարցը պահում է օրակարգում։
«Կոնկրետ գործողությունները, քայլերը, ասել, որ մեզ համար գոհացուցիչ են` ոչ, բայց պետք է շարունակել աշխատանքը. ինչպես գիտեք` դիվանագիտությունն ունի փակ և կուլիսային գործընթացներ, այդ առումով թե՛ Բրյուսելի, թե՛ անդամ երկրների հետ շարունակվում են աշխատանքները»,– նշել էր ԱԳ փոխնախարարը։