Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական դիսբալանսն ավելի է մեծացել, դիվանագիտական միջավայրը մեզ համար ավելի աննպաստ է դարձել։ Եթե ՀՀ իշխանությունները չգնան ռուսների հետ հարաբերությունները կարգավորելու ճանապարհով, մեզ պատերազմ է սպասվում, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։
«Սա արդեն ենթադրություն չէ։ Ես խորապես համոզված եմ, որ Արևմուտքը չունի Հայաստանին աջակցելու ստրատեգիական շահ։ Արևմուտքը մի բանի է պատրաստ աջակցել՝ Նիկոլ Փաշինյանի հակառուսական ստրիպտիզին։ Թրամփն էլ չի զբաղվելու մեր տարածաշրջանով. նա տարածաշրջանում իր ընկեր համարում է Էրդողանին»,- ասաց բանախոսը։
Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՄ անդամության գործընթացի մեկնարկին՝ Սուրեն Սուրենյանցը շեշտեց՝ Թուրքիան ԵՄ դռների մոտ կանգնած է շուրջ 50 տարի, Վրաստանը ևս երկար տարիներ բռնել է նույն ուղին։
«Հայաստանին տանում են Ուկրաինայի ճանապարհով, ինչի ավարտը լինելու է ՀՀ պետականության կորուստը։ Այս մարդիկ իրենց արկածախնդրության և դիլետանտիզմի պատճառով դարձել են հայկական պետականության գերեզմանափորերը»,- ասաց քաղաքական վերլուծաբանը։
Ինչ վերաբերում է Իրանին, ըստ Սուրենյանցի՝ այդ երկիրն ի վերջո կփորձի լուծել Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր հարցերը՝ չսպասելով, թե երբ հայ ժողովուրդը քնից կարթնանա՝ հեռացնելու գործող իշխանություններին։
Սուրեն Սուրենյանցը միաժամանակ անդրադարձավ ներքաղաքական խնդիրներին՝ տեղեկացնելով, որ իրենց քաղաքական ուժը ներկայումս կոնսուլտացիաների մեջ է քաղաքական տարբեր ուժերի հետ՝ ձևավորելու իշխանությունների այլընտրանքային ընդդիմադիր հարթակ։
«ՀՀ հաջորդ կառավարությունը կամիկաձեների կառավարություն է լինելու, որը ստիպված է լինելու Նիկոլ Փաշինյանի թողած փլատակների վրա ծանր լուծումներով երկիրը փրկել. հեշտ լուծումներ չեն լինելու։ Նոր կառավարությունը ստիպված է լինելու ծանր լուծումներով հասնելու այն բանին, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանվի։ Եթե վստահելի ընդդիմադիր հարթակ ձևավորվի, իրավիճակը կարող է շտկվել։
Այսօր Հայաստանը, որպես այդպիսին, վարչապետ չունի, մենք գործ ունենք Ալիևի տեղապահի հետ»,- ասաց բանախոսը։