Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հրավիրվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր՝ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստին որպես վկա՝ ցուցմունք տալու։
Դատարանից դուրս գալով՝ Արսեն Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է․ «Հիմա մենք համաճարակի մեջ ենք, որը կրկնակի, եռակի բեռ է առողջապահական համակարգի վրա։ Իրավիճակն ամեն օր փոխվում է։ Կարող են լինել հատուկենտ մարդիկ, որոնք զրկված լինեն բուժօգնությունից»։
Գյումրեցի տատիկի դիակի կորչելու փաստն արդեն մի քանի օր է հանրային վրդովմունքի պատճառ է դարձել։ Ինչպես հայտնի է, տեղի է ունեցել արտաշիրիմում։ Արսեն Թորոսյանն աղմկահարույց միջադեպի վերաբերյալ այսպիսի մեկնաբանություն է արել․ «Տեղի էր ունեցել շփոթմունք դիակի ճանաչման, տեղափոխման գործընթացում։ Հարազատը ճանաչել է տատիկի դին, հետո ներողություն է խնդրել, որ սխալ մարդու դի է ճանաչել»։
Նախարարի խոսքից պարզ է դառնում, որ նա իր մեղքի բաժինն այս պատմության մեջ չի տեսնում։ Ինչ վերաբերում է համավարակի դեմ առողջապահական համակարգի պայքարին, Արսեն Թորոսյանը հայտարարել է․ «Իմ քաղաքական գնահատականն է՝ Հայաստանն իր ունեցած ռեսուրսներով բավականին լավ պայքարել է համաճարակի դեմ»։