Փետրվարի 1-ին Արցախի կանայք հայ մայրեր «Mothers for their children’s rights» ցուցապաստառներով ու կոչերով դիմեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ խնդրելով իրենց նամակը հանձնել Եվրահանձնաժողովի նախագահ, յոթ երեխաների մայր Ուրսուլա ֆոն դեր Լայենին:
Նամակով արցախցի մայրերը հիշեցնում էին, որ Արցախը 2022-ի դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ է, ցրտաշունչ ձմռանը Արցախի 120 000 բնակչի, այդ թվում՝ 30 000 երեխաների կյանքի, առողջության, կրթության հիմնարար իրավունքները ոտնահարվում են:
Aravot.am-ը փետրվարի 6-ին տեղեկատվության գրավոր հարցում էր արել ԵՄ պատվիրակության ղեկավար տիկին Վիկտորինին. «Արցախցի մայրերը խնդրում էին Ձեզ եւ տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենին կանգնեցնել այս տեռորը, թույլ չտալ Ադրբեջանին գերի պահել 30 հազար հայ երեխաներին ու չդառնալ Ադրբեջանի հանցակիցը: Մայրերը հավատացած էին, որ Դուք վեր կդնեք հումանիստական բարձր արժեքները պահի քաղաքական շահերից, գործի կդնեք Ձեր ազդեցությունը՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը վերացնելու ուղղությամբ: Խնդրում ենք տեղեկացնել՝ Դուք ծանոթացե՞լ եք այդ նամակի բովանդակությանը, այն փոխանցվե՞լ է տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենին եւ ի՞նչ տեսակետ ունեք Դուք այդ նամակ-խնդրանքի մասին»:
Եվ ահա այսօր մեր տեղեկատվության հարցմանն ի պատասխան՝ ԵՄ պատվիրակությունից Aravot.am-ին փոխանցեցին Եվրահանձնաժողովի նախագահի՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի պատասխանը, որտեղ նա շնորհակալություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի կանանց՝ նամակի համար ու փոխանցում հետեւյալ ուղերձները. «Շնորհակալ եմ Ձեր բաց նամակի համար, որը ստացել եմ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջոցով։ Եվրոպական միությունը խիստ մտահոգված է՝ հետեւելով Լաչինի միջանցքի շուրջ նախորդ տարվա դեկտեմբեր ամսից ի վեր տեղի ունեցող տարբեր զարգացումներին։ Հասկանում ենք, որ տեղաշարժի սահմանափակումները Լաչինի միջանցքի երկայնքով լուրջ պատուհաս են տեղացի բնակչության համար եւ ստեղծում են մարդասիրական բնույթի մտահոգություններ։
Հավատացած եղեք, որ Եվրոպական միությունը շարունակում է իրավիճակի լուծմանն ուղղված դիվանագիտական ջանքերի մոբիլիզացումը եւ բազմաթիվ կոչեր է հասցեագրել Ադրբեջանին եւ մյուս ներգրավված կողմերին՝ ձեռնարկելու իրենց իրավասությունների շրջանակներում համապատասխան միջոցառումներ՝ ապահովելու միջանցքի երկայնքով ազատ եւ անկաշկանդ տեղաշարժը, որը բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից։
Այդ նպատակով Եվրոպական միությունը կանոնավոր կերպով տարբեր մակարդակներում ներգրավված է Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հետ։ Եվրոպական միությունն ավելի է խորացրել Հայաստանի հետ իր ներգրավվածությունը վերջերս մեկնարկված լիարժեք ԸԱՊՔ քաղաքացիական առաքելության (Հայաստանում ԵՄ առաքելության) ծավալման միջոցով, որը լարվածության թուլացմանն ուղղված ջանքերին մեր շարունակական աջակցության հստակ վկայությունն է, ինչպես նաեւ հանձնառությունը՝ երկու կողմերի հետ սերտ աշխատելու՝ ի նպաստ տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման վերջնանպատակի»: