Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է.
Քանի որ էներգահամակարգից Հայկական ԱԷԿ-ի վթարային անջատումը բազմաթիվ զգացմունքային մեկնաբանությունների առիթ է ստեղծել, բերեմ որոշ պարզաբանումներ:
Նախ՝ ինքս որևէ դավադրություն չեմ բացառում: Բայց մասնագիտական օբյեկտիվությունը ստիպում է փաստել, որ.
1. կայծակի հարվածի վերաբերյալ պաշտոնական վարկածը հեռու չէ իրականությունից: Միջազգային պրակտիկայում նման միջադեպերը բազմաթիվ են: Գրեթե ամեն տարի կայծակի հարվածի պատճառով վթարային ռեժիմով կանգնեցվում են ատոմակայաններ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում և այլն: Միջինացված պատկերը հետևյալն է. կայծակը հարվածում է օդային գծին, միանում է պաշտպանության համակարգը, ինչի հետևանքով անջատվում է գեներատորը: Որպես կանոն, օբյեկտի աշխատանքը վերականգնելու համար անհրաժեշտ է մի քանի օր,
2. ԱԷԿ-ի կոնսերվացումը տեղի չի ունենում մեկ ակնթարթում: Դա ժամանակատար ու ծախսատար գործընթաց է: Մոտավոր հաշվարկներով՝ Հայկական ԱԷԿ-ի կոնսերվացումը կարող է արժենալ մինչև 400-450 մլն ԱՄՆ դոլար, այն էլ առանց օգտագործված միջուկային վառելիքի ուտիլիզացման: Նկատենք, որ Գերմանիայում 17 ԱԷԿ-ի կոնսերվացումն ու ապամոնտաժումը գնահատվել է 18 մլրդ եվրո:
Իհարկե, հայկական ՛՛խաղաղ ատոմը՛՛ այսօր կանգնած է բազմաթիվ աշխարհաքաղաքական ռիսկերի առաջ: Սակայն պետք է հստակ գիտակցել, որ ԱԷԿ-ը բարդագույն տեխնոլոգիական օբյեկտ է, որի կոնսերվացումը տեղի չի ունենալու կոճակի սեղմամբ: