Հայկ Մարությանը միաձայն՝ 383 կողմ ձայներով ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ:
Քվեարկությունից հետո Հայկ Մարությանն իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Շնորհակալ եմ, որ եկել եք մասնակցելու Հայաստանի ապագայի կերտմանը, Հայաստանի խնդիրների լուծմանը, այս ճգնաժամից դուրս գալու լուծմանը, հավատում եք, որ հնարավոր է այս վիճակից դուրս գալ: Սա վերջը չի:
Մենք չենք կարող ոչ մի բան չանել, ուղղակի նստել ու նայել, թե ինչպես է քանդվում մեր պետությունը: Մենք արթնացնելու ենք մեր ժողովրդին թմբիրից եւ առաջնորդելու ենք մեր ժողովրդին: Մենք բեկում ենք մտցնելու այս ամեն ինչի մեջ:
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե հայ ժողովուրդը»:
Նշենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ընտրվել էր Երևանի քաղաքապետ, ապա 2021-ի դեկտեմբերին պաշտոնանկ էր արվել իր թիմի կողմից։ Քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացն իշխող թիմը հիմնավորել էր նրա հետ քաղաքական խզմամբ։ Այս տարվա փետրվարի 7-ին էլ Երևանի ավագանին դադարեցրել էր «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով ավագանու անդամ դարձած Մարությանի լիազորությունները՝ բացակայություների հիմնավորմամբ։
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելն է:
«Նոր ուժ» կուսակցության գաղափարական հենքը սոցիալ-ռեֆորմիզմն է։