ՀՀ վիճակագրական կոմիտեն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, հրապարակեց այս տարվա 8 ամիսների սպառողական ապրանքների գների մասին պաշտոնական տվյալները, որոնց համաձայն՝ ապրանքների գները շարունակում են աճել։ 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ապրանքների գներն աճել են 6,4 տոկոսով, իսկ սննդամթերքի գները՝ 9,3 տոկոսով։ Սա այն դեպքում, երբ միջին աշխատավարձն աճել է 5,7 տոկոսով, այսինքն՝ անցած տարվա ցածր աշխատավարձով մարդիկ ավելի շատ ապրանքներ էին կարողանում ձեռք բերել, քան այս տարվա «բարձրացած» աշխատավարձով։
Իրավիճակն էլ ավելի մտահոգիչ է թոշակառու և նպաստառու ընտանիքների դեպքում, որոնց եկամուտները հիմնականում չեն ավելացել։ Այս պայմաններում աղքատության մակարդակը, պակասելու փոխարեն գնալով աճում է։ Հիշեցնենք, որ գործող կառավարությունը խոստացել էր հաջորդ 5 տարիների ընթացքում վերացնել ծայրահեղ աղքատությունը, մինչդեռ ստացվում է, որ այս տարվա ընթացքում նրանք ավելացնում են ծայրահեղ աղքատների թիվը՝ հետագայում կրճատելու մտադրությամբ։ Պետք է արձանագրել, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա տնտեսական աճից (եկամուտներից) չի օգտվում հանրության մեծ մասը։
Հարկ է նշել նաև, որ օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 8,8 տոկոս, իսկ սննդամթերքինը՝ 15,1 տոկոսով։ Ուշագրավ է, որ 2021 թվականի օգոստոսին հուլիսի համեմատ ապրանքների գները աճել են 0,4 տոկոսով, իսկ սննդամթերքինը՝ 0,6 տոկոսով:
Ի դեպ, վերջին ամիսների ընթացքում գների բարձրացումը գրանցվել է դրամի արժևորմանը զուգահեռ, այսինքն՝ ապրանքների գներն իջնելու փոխարեն էլ ավելի են բարձրացել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ կենտրոնական բանկը չի կարողանում կառավարել գնաճը, իսկ մրցակցության հանձնաժողովի հրապարակած գների իջեցման մասին տվյալները իրականությունից հեռու են։ Շարունակվող գնաճի հաշվին մենաշնորհները կուտակում են գերշահույթներ, իսկ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում ոչ մի խոսք չկա մենաշնորհների դեմ պայքարի մասին։
Արամ Աճեմյան