Պատմության ընկալման համար խիստ կարևոր նշանակություն ունի տարածության և ժամանակի փոխկապակցվածության հանգամանքը: Եթե խոսում ենք Հայոց պատմություն և Հայաստանի պատմություն եզրույթների մասին, ապա երկրորդի դեպքում այն դժվար թե կարողանա լավագույնս արտացոլվել:
Եթե Հայաստանի պատմությունը գլխավորապես տեղավորվում է տարածական ընկալման համատեքստում, ապա դա կլինի խիստ նեղ մոտեցում: Հայկական լեռնաշխարհին զուգահեռ նույն ժամանակաշրջանում հայերը ծավալել են բազմաբովանդակ գործունեություն:
Օրինակ, չնայած նրան, որ չկար հայոց պետականություն, սակայն, համաշխարհային առևտրի կարևորագույն դերակատարներ համարվում էին նաև հայերը, հայերեն առաջին գիրքը տպագրվել է Հայաստանի սահամններից դուրս, հայոց կրթության, գիտության և մշակութային բազմաթիվ կենտրոններ ևս գտնվել և այժմ էլ գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս: Կիլիկյան Հայաստանը ստեղծվել է պատմական Հայաստանի սահմաններից դուրս: Երբ մենք օգտագործում ենք Հայաստանի պատմություն եզրույթը, ապա կտրում ենք տարածաժամանակային ընկալման կապը:
Մովսես Խորենացին գրեց Հայոց պատմությունը, որն ընդհանրական աշխատանք է: Այն ընդհանրացնում է և տարածություն և ժամանակ:
Բերեմ մի օրինակ:
Աքեմենյան Դարեհ արքան իր Բեհիսթունյան արձանագրության մեջ հիշատակում է Հայաստանը, հայերի դեմ մղած կատաղի մարտերը: Խոսքը գնում է Հայաստանի տարածքի և հայերի մասին: Բայց նույն այդ Բեհիսթունյան արձանագրության մեջ, Դարեհ Առաջինը հիշատակում է, որ նույն ժամանակահատվածում Բաբելոնում իրեն արքա էր հռչակել հայազզգի Արախան՝ Հալդիտայի որդին: Այդ փաստը խիստ կարևոր է հայոց պատմության համար: Եթե մենք սկսենք մտածել, թե ինչու՞ և ինչպե՞ս հայազգի Արախան կարող էր Բաբելոնում իրեն հռչակել թագավոր, ի՞նչ գործ ուներ հայը Բաբելենում, ապա դա կարող է հայոց պատմության այդ կարևոր շրջանի համար մի շարք հետաքրքիր հարցադրումներ բերել: Եվ եթե մենք հայերի պայքարը Դարեհի դեմ և Արախայի ապստամբությունը նույն արքայի դեմ Բաբելոնում քննարկենք նաև ժամանակի մեջ, ապա խիստ շահեկան դիրքում կլինենք, ինչը չէր լինի, եթե միայն կենտրոնանանյինք Հայաստանի վրա:
Հիշո՞ւմ եք, մի իմաստալից պատմություն կա, երբ իմաստունը հրավիրում է իր աշակերտներին ու մի սպտակ թուղթ ցույց տալիս, որի մեջտեղում սև շրջանակ է: Իմաստունի այն հարցին, թե ինչ են տեսնում, աշակերտները պատասխանում են, որ տեսնում են սև շրջանակ: Որվհետև նրանք կենտրոնացել էին միայն սև շրջանակի վրա և չէին նկատել նրա շուրջը գտնվող սպիտակ հատվածը: Հայոց պատմությունը սպիտակ թուղթն է սև շրջանակով, որտեղ մենք ունենք համակողմանի ընկալում, իսկ Հայաստանի պատմություն եզրույթը մեզ կկենտրոնացնի միայն սև շրջանակի վրա:
Միքայել Բադալյան. «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ