Չեմ կարող բնորոշել, որ գործընթացները փակուղում են հայտնվել. տեսաք, որ սահմանազատման հանձնաժողովների նիստ տեղի ունեցավ, և պայմանավորվածություն կա, որ մոտ շրջանում նոր նիստ պիտի տեղի ունենա, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«Ինչ վերաբերում է հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի շուրջ բանակցություններին, ապա այստեղ բավականին երկար ժամանակ է, ինչ սպասում ենք մեր կողմից ներկայացված առաջարկների շուրջ Ադրբեջանի արձագանքին։ Հույս ունենք, որ դա կարճ ժամանակում կստանանք։ Հայաստանը շարունակում է կառուցողական տրամադրված լինել և ներգրավված լինել բանակցություններում»,- ասաց Կոստանյանը։
Անդրադառնալով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեմային՝ ՀՀ փոխարտգործնախարարը նշեց, որ այդ մասին խոսակցությունները միտված են տարածաշրջանում էսկալացիոն ֆոնի ապահովմանը։
«Հայաստանի Հանրապետությունը չի տրվելու նման սադրանքներին, և մենք շարունակելու ենք կառուցողական տրամադրված լինել։ Բնականաբար Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու ողջ գործիքակազմով՝ դիվանագիտական և ոչ միայն, պետք է պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը»,- ասաց նա։
Ճշգրտող հարցին՝ նաև ռազմակա՞ն ճանապարհով, Վահան Կոստանյանը կրկնեց՝ ողջ գործիքակազմով։
«Հայաստանի Հանրապետությունն իրացնում է իր սուվերեն իրավունքը և զարգացնում է իր պաշտպանական կարողությունները։ Ինչպես արդեն նշվել է, մենք մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ հարձակողական բնույթի գործողություններ իրականացնելու որևէ մտադրություն չունենք, իսկ ինչ վերաբերում է զինատեսակների մրցավազքին, Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է ստեղծել փոխադարձ սպառազինությունների վերահոսկողության մեխանիզմ, և այս առաջարկն ուժի մեջ է մնում»,- ասաց ԱԳՆ պաշտոնյան։
Վահան Կոստանյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության քայլերն ուղղված չեն որևէ գործընկերոջ դեմ, և Հայաստանը շարունակում է երկխոսությունը բոլոր գործընկերների, այդ թվում՝ ՌԴ-ի հետ։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տալու մասին օրենքը ՌԴ-ի դեմ ուղղված քայլ չէ:
Հարցին՝ առաջիկայում Նիկոլ Փաշինյանի այց ՌԴ նախատեսվո՞ւմ է, ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Եթե նման այցեր նախատեսվեն, վստահաբար, կառավարության գործընկերները պատեհ պահին կիրազեկեն դրա մասին: Այս պահին օրակարգում նման բան չունենք»: