Զրույց ԿԳՄՍ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ, հնագետ Լևոն Մկրտչյանի հետ, ով Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հուշարձանների ուսումնասիրության համար կիրառում է ժամանակակից տեխնոլոգիաներ:

***
–Այնուամենայնիվ, պարոն Մկրտչյան, ժամանակակից տեխնոլոգիաները թափանցելով հնագիտություն՝ օժանդակ գիտության դեր են ստանձնում։
– Ինչպես գիտության շատ ու շատ ոլորտներ, այնպես էլ հնագիտությունը չէր կարող անմասն մնալ աշխարհում գիտության արագ զարգացման ընձեռած հնարավորություններից: Այսօր առաջադեմ երկրներում հնագիտությունն առանց ժամանակակից նորագույն տեխնոլոգիաների կիրառման և հատկապես համակարգչային ծրագրերի օգտագործման անհնար է պատկերացնել:
Արդեն մի քանի տարի է ինչ Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաները օգտագործվում են հնագիտության ոլորտում: Ինչպես տեղական, այնպես էլ միջազգային արշավախմբեր իրենց աշխատանքներում ներառում են ժամանակակից տեխնոլոգիաների տիրապետող մասնագետների: Մեծ ձեռքբերում է, երբ այդ մասնագետները լինում են հնագետներ: Ուրախությամբ պետք է ասեմ, որ հատկապես իմ սերնդակից շատ գործընկերներ այս կամ այն աստիճանի տիրապետում և պարտադիր կիրառում են իրենց աշխատանքներում ժամանակակից տեխնոլոգիաների օգտավետությունը:

-Ե՞րբ ինքներդ սկսեցիք ակտիվորեն կիրառել ժամանակակից տեխնոլոգիա (օդալուսանկարահանում և համակարգչային ծրագրեր) ձեր աշխատանքներում:
-Իմ ուսումնասիրության թեման, որը կապված է Հայաստանի հնագույն, շատ հետաքրքիր և եզակի հուշարձանների հետ, այսպես ասած, մեգալիթյան աշտարակների, որոնց ուսումնասիրությունը 2013-2014 թվականից արդեն իրականացնում եմ: Ինքնուրույն աշխատանքի ժամանակ հանդիպեցի բազմաթիվ դժվարությունների՝ կապված հուշարձանի հավաստման և քարտեզագրման հետ: Արդեն սկսել էի սովորել Աշխարհագրական Տեղեկատվական Համակարգը (GIS) և այլ համակարգչային գծագրական ծրագրեր, երբ ինձ հնագետ Գագիկ Սարգսյանը հրավիրեց իր գլխավորած արշավախումբ, որն անչափ հայրենանվեր գործունեություն էր ծավալում` Արցախի ամրոցներն էր ուսումնասիրում: Ուսումնասիրությունն, ինքնին, հետաքրքիր էր նրանով, որ հետազոտական ողջ պրոցեսը հենված էր նորարարական տեխնոլոգիաների և մեթոդների վրա: Խմբի առաջ դրված էր ծանր մի գործ. արբանյակային պատկերների ընձեռած հնարավորությամբ հայտանբերել ենթադրյալ ամրոցի տեղերը, որոնք հետագայում պետք է շատ կարճ ժամանակում ճշգրտվեին և նույնականացվեին տեղում՝ Արցախում: Թիրախային գոտի էր ընտրվել Արցախի «ազատագրված տարածքները», որոնք, հայտնի դեպքերից հետո «գրավված» դարձան: Այս մի քանի տարիների ընթացքում խումբն, այս մեթոդով կարողացավ հավաստել, քարտեզագրել և եռաչափ մոդելավորել հիսունից ավելի ամրոցներ, որոնց զգալի մասը նորահայտ էին: Այնուհետև, այս արդեն հաջող մեթոդով շարունակվեցին աշխատռանքները ՀՀ տարածքի հուշարձանների ուսումնասիրության համար:

-Պատրաստվու՞մ եք շարունակել Արցախում Ձեր ծավալած ահռելի աշխատանքները, չէ՞ որ մինչև պատերազմը (2020թ. Սեպտեմբերի 25) օդալուսանկարահանում էիք՝ թվայնացնելով ԱՀ հուշարձանները:
– Գիտե՞ք, շատ հետաքրքիր է այն փաստը, որ Արցախի ազատ երկնքում մեր դրոնն էր ճախրում մինչև պատերազմի սկսվելը, այն դեպքում, երբ հետագայում մենք տեսանք թռչող սարքերի ակտիվ գործունեությունը չարաբաստիկ պատերազմում, և, ո՞վ գիտե՝ թշնամու մի հետախուզական ԱԹՍ էլ կարող էր որսալ մեր աշխատանքները: Իսկ մենք անտեղյակ աշխատում էինք և պլանավորել էինք մինչև այդ տարվա վերջ այցելել մոտ երկու տասնյակ վայրեր՝ ստուգելու հուշարձանների առկայությունը: Մեծ հաշվով, արդեն ազատագրված տարածքների ամրոցների հարցը գրեթե լուծված կարող էինք համարել, և արդեն պլանավորում էինք անցնել բուն Արցախի տարածքի ամրոցների ուսումնասիրության խնդրին, որով մեր ուսումնասիրությունը կամբողջանար և համապարփակ բնույթ կստանար: Առաջ անցնելով ասեմ, որ ներկայիս հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Արցախի մնացած ամրոցների ուսումնասիրության նպատակներ դեռևս ունենք, հույսներս չենք կորցրել, նույնիսկ դիմել ենք մի շարք դրամաշնորհային ծրագրերին:
–Փաստեք, խնդրեմ, ժամանակակից տեխնոլոգիաների դերը, օժանդակությունը և վերջինիս այլ գիտությունների հետ սինթեզման կարևորությունը:
-Շնորհիվ օդալուսանկարահանման, մենք նույնիսկ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման պրոցեսում մի քայլ առաջ ենք անցել: Տարիներ առաջ չափազանց մեծ արդյունքներ էին տալիս տիեզերական պատկերների կիրառումը հնագիտական հետախուզումների ժամանակ, երբ հսկայական տարածքների ամբողջացված պատկերները տեսնում էին վերևից, այն դեպքում, երբ դրանց կողքով քայլելիս, ակնազննությամբ՝ այդ հուշարձաններն այլ տեսք ունեին, կամ ընդհանրապես չէին երևում: Օդալուսանկարահանումն էլ ավելի ընդլայնեց հուշարձանների հետախուզման և որոնման հորիզոնը: Բացի որակյալ օրթոգոնալ պատկերներից՝ նաև այս նկարահանումներից կարող ենք ստանալ բարձրությունների քարտեզ և այս երկուսի մշակմամբ կազմել հուշարձանի տեղահանույթը՝ հատակագծով: Ստացվում է՝ այս ծրագրերին տիրապետող մի անձը կարող է անել մի գիտահետազոտական կենտրոնի աշխատանք՝ տարբեր միջմասնագիտական մոտեցմամբ: Այս տեխնոլոգիաների կիրառումը հատկապես օգտակար է մեծ տարածք զբաղեցնող հուշարձանների, հնավայրերի և դրանց համալիրները իրենց բնական և պատմական լանդշաֆտներում ուսումնասիրելու համար: Դրանք կիկլոպյան ամրոցներն են, մեգալիթյան աշտարակների և հարթակների համալիրները, երկար ձգվող քարաշարերը և պատերը, արարողակարգային ու ծիսական ճանապարհները, որոնք առաջին հայացքից թվում է՝ տարբեր հուշարձաններ են, բայց թռչնի թռիչքի բարձրությունից օրգանապես կապվում են իրար և դառնում մեծ ու «հարազատ» համալիրներ: Որպեսզի ավելի հասկանալի լինի՝ բազմաթիվ հուշարձաններ, զորօրինակ «անվաձև տներ» կամ «մեդուզաներ», «անապատի օդապարուկներ» հայտնաբերել ենք միայն ելակետային օդալուսանկարների մշակումից հետո, երբ ստացել ենք մշակութային լանդշաֆտի ընդհանուր պատկեր, որտեղ էլ ահա նկատելի և նշմարելի են դարձել այդ կառույցները: Շնորհիվ այս մեթոդների կիրառման, մեգալիթյան մշակույթի շատ հուշարձաններ են հավաստվել, և արդյունքում, մենք այսօր կարող ենք տիպաբանությամբ և դասակարգմամբ առանձնացնել հուշարձանների նոր տեսակներ և նույնիսկ ենթատեսակներ, որոնք նախորդ ուսումնասիրողները չեն կարողացել տարանջատել, կամ պարզապես չեն նկատել՝ ելնելով իրենց ժամանակի հնարավորություններից:

–Ձեր հարցազրույցներից մեկում նշեցիք, որ պատրաստվում եք հրատարակել ուսումնասիրությունների արդյունքները. ի՞նչ փուլում եք:
-Պետք է ասել, որ կուտակվել է ահռելի նյութ, որը կբավարարեր մի ամբողջ գիտահետազոտական կենտրոնի համար և կարող էր ծառայել որպես ուսումնասիրման աղբյուր՝ ուսանողների, մագիստրոս-ասպիրանտների, և ինչու չէ, հետաքրքրվող լայն շրջանակի համար: Աշխատանքային խմբով որոշեցինք, որ մեր արդյունքները հրատարակենք՝ որպես մենագրություն պրակ առ պրակ նվիրելով Արցախի Հանրապետության մեր կողմից թիրախավորված շրջաններին: Առաջին և ամենածավալուն պրակը վերաբերվելու է Քաշաթաղի շրջանին: Արդեն կատարվել են տեքստային, աղյուսակային, քարտեզագրական և լուսանկարչական նյութերի կազմումն ու ներառումը: Կարելի է ասել՝ մնացել են վերջին ակորդները, որից հետո մենագրությունն արդեն կարող է հանձնվել ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորմանը:
–Եվ վերջում, որպես Հայաստանը ոտքով կտրած երիտասարդ գիտնական՝ ո՞րտեղ է սկսվում կամ ավարտվում մեր երկիրը:
– Թեպետ Հայաստանն այժմ նմանվել է մաշված ճանապարհի․ այն արահետին, որով քայլում ես սարերով, ձորերով, որը մի պահ ընդհատվում է, հետո այդ արահետը ինչ որ մի տեղ նորից սկսվում է՝ քո առաջ հանկարծակի բացելով մի նոր, սքանչելի տեսարան: Վստահ եմ, որ այդ արահետը նորից գտնելու ենք և մեր երկրի համար բացվելու են անամպ ու արևոտ տեսարաններ։ Հայաստանը մշակույթ է, նրա սահմանները նրա մշակութային սահմաններն են: Ես հավատացած եմ, որ Հայաստանի բնորոշ հուշարձաններով, կիկլոպյան ամրոցներով, մեգալիթյան աշտարակներով, վիշապաքարերով, խաչքարերով և այլ բնորոշիչ հուշարձանների տարածույթը եթե քարտեզագրենք, ապա դա կլինի բովանդակ Հայաստանը: Կարծում եմ՝ այս բաղադրատարրերն էլ ստեղծել և ստեղծում են Հայաստանը: Ուստի, հիմա առավել քան երբևէ անհրաժեշտ է կառչել մեզ գույն ու ձև տվող մշակութային ժառանգությունից: Պետք է ավելի շատ ուսումնասիրել, պահպանության համար նոր մեխանիզմներ մշակել, բրենդավորել և հանրահռչակել այն, ինչ ունենք:
Զրուցեց՝ Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ