Մարտի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսահայ մշակութային միության (UCFAF) նախաձեռնությամբ Ֆրանսիայի Սենատում կազմակերպված համաժողովին, որը նվիրված էր «Դիմադրության» շարժման հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինեի պանթեոնիզացիայի 1-ամյա հոբելյանին, «Կարմիր Պաստառի» հերոսների սխրագործության կարևորությանը, ինչպես նաև՝ Մանուշյան ամուսինների օրինակով Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմական կապերին և ներկայումս առկա բարեկամական հարաբերություններին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Համաժողովը մեկնարկել է ռեժիսոր Ժորժ Ամայի և պատմաբան Դենի Պեշանսկիի հեղինակած «Կարմիր Պաստառի որսը» փաստագրական ֆիլմի ցուցադրությամբ, որին հաջորդել են թեմատիկ ուղղվածությամբ երեք պանելային քննարկումներ։ Պանելային քննարկումները վարել է UCFAF-ի նախագահ Էդմոնդ Յանեկյանը։
Միսաք Մանուշյանի և «Կարմիր Պաստառի» նրա զինակից ընկերների պատմության, Միսաք Մանուշյանի՝ Հայոց ցեղասպանությանից փրկված լինելու հանգամանքի և Ֆրանսիայի ազատագրման համար նրա հետագա հերոսական պայքարի միջև կապի մասին առաջին պանելային քննարկման ընթացքում խոսել են պատմաբան, «Մանուշյան» գրքի համահեղինակ Դենի Պեշանսկին, «Դիմադրության» շարժման մասնակից և Միսաք Մանուշյանի հրամանատար Ժոզեֆ Էպշտայնի որդին՝ Ժորժ Էպշտայնը և ֆրանսիացի հայտնի հայագետ, ՀՀ ԳԱԱ անդամ Ժան-Պիեռ Մահեն։
Երկրորդ պանելային քննարկման ընթացքում «Դիմադրության» շարժման մասնակիցների, մասնավորապես «Մանուշյանի խմբի անդամների» հերոսության մասին հիշողության պահպանման և հաջորդ սերունդների փոխանցելու կարևորության և այս ուղղությամբ առկա մարտահրավերների մասին են խոսել պատմաբան Իվ Բլոնդոն, «Ֆրանսիայի հայ երիտասարդություն» կազմակերպության քարտուղար Օլիվիա Գիրագոսյանը և «Մանուշյան․ Կանաչ պաստառ» կազմակերպության նախագահ Պատրիս Գարոն։
Երրորդ՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին նվիրված պանելային քննարկման բանախոսել են դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիան և Սենատի անդամ Ռեմի Ֆերոն։
Իր խոսքում Հայաստանի դեսպանը նշել է, որ Հայաստանը և Ֆրանսիան մշտապես կապված են եղել բարեկամական և խորը կապերով, իսկ ներկայումս երկու երկրների միջև առկա է բազմաոլորտ համագործակցություն ռազմավարական նշանակության բոլոր ուղղություններով։ Բարձր է գնահատել այդ բարեկամության ու հարաբերությունների կառուցման և կամրջման գործում այնպիսի հայորդիների դերը, ինչպիսիք են՝ Միսաք և Մելինե Մանուշյանները։
Նա ընդգծել է նաև, որ այժմ աշխարհաքաղաքական տարբեր իրողությունները և մարտահրավերներն ավելի են ընդգծում այն արժեքների կարևորությունը, որոնց համար իրենց կյանքն են զոհաբերել Միսաք Մանուշյանը և նրա զինակից ընկերները։
Համաժողովին ներկա էին նաև Ֆրանսիայի Սենատի անդամներ, հասարակական կազմակերպությունների և ասոցիացիաների ղեկավարներ, քաղաքական և հանրային գործիչներ, պատմաբաններ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։