«Հակամարտության բանալին Մոսկվայում է» արտահայտությունը պետք չէ ծանր տանել։ Դա նոր չէ։ Կարդացեք, օրինակ, 1994թ. փետրվար-մայիս ամիսների հայկական մամուլը և այդ արտահայտությունը շատ կհանդիպեք։ Կամ Հանրային Ռադիոյով լսեք իմ հաղորդումը՝ «Անկախության պատմություն»։ Երկար չի՝ մի 15 րոպե է՝ շաբաթը երկու անգամ։ Բայց էդ մի կողմ, ուրիշ բան եմ ուզում ասել։
Ոչ միայն մերոնք էին գրում այդպես, այլևս ամբողջ աշխարհը 1990-ականների սկզբին ընդունում էր, որ Անդրկովկասի հակամարտությունները կարող է կարգավորել միայն Ռուսաստանը։ Ավելին՝ բաց տեքստով ասում էին, որ արևմուտքը որևէ առարկություն չունի հակամարտության կարգավորման ռուսական տարբերակի դեմ։ Ասում էին, որ ԵԱՀԽ Մինսկի խմբի և ռուսական տարբերակներն իրար չէին հակասում։ Դա ասում էր, օրինակ, ՄԽ նախագահ Յան Էլիասոնը, նրա տեղակալ Մաթիուս Մոսբերգը, դա ասում էին ռուսները՝ Կազիմիրովը, Պավել Գրաչովը, և այլն, բոլորը չթվարկեմ։
Հիմա կարող է հարց տաք՝ իսկ ո՞րն էր հակամարտության կարգավորման ռուսական տարբերակը։
Եվ այսպես՝ այդ տարբերակը փուլային էր և միայն փուլային։ Հրադադարի հաստատումից հետո հայկական ուժերը պետք է դուրս գային բոլոր գրաված տարածքներից, զորքերը պետք է հետ քաշվեին ամեն կողմից 10-20 կմ։ Ու պետք է տեղակայվեին ռուսական խաղաղապահ ուժեր։ Միայն ռուսական։ Թե ինչ էր ուզում Ադրբեջանը, չեմ գրի, որ շատ երկար չլինի։ Հայկական բոլոր կողմերը համաձայնել էր այս տարբերակին։ Ղարաբաղի կարգավիճակը չէր էլ քննարկվում՝ դրան անդրադառնալու էին հետո։ Այդ տարբերակով բացվելու էին նաև հաղորդակցության ու էներգետիկ բոլոր ուղիները։
Էստեղ շատ կարևոր էր ռուսական խաղաղապահների մանդատի հարցը։ ԵԱՀԽ-ն ու ՄԱԿ-ը ռուսներին առանձին մանդատ չէին տալիս։ Չեմ բացառում, որ հենց այս պատճառով բանակցային գործընթացում 1993-ի աշնանից ակտիվացվում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը և նրա ստեղծած հատուկ խումբը՝ Ղրղըզստանի Գերագույն խորհրդի նախագահ Մեդեթկան Շերիմկուլովի գլխավորությամբ։
Ու այո՛, Ղարաբաղյան հակամարտության բանալին Մոսկվայում է՝ հիմա, 27 տարի առաջ՝ 1994-ին, 33 տարի առաջ՝ 1988-ին և 100-101 տարի առաջ՝ 1920-21-ին։ Դե հիմի էդպես է։
Կարելի է այս միտքը բարձրաձայնողներին գամել անարգանքի սյանը, հայհոյել, գնդակահարել և այլն, բայց դրանից իրականությունը չի փոխվելու։ Ավելի արդյունավետ է շատ կարդալ, շատ մտածել ու հասկանալ, թե ինչ էր պետք անել անցյալում և ինչ է պետք անել հիմա ու ընդհանրապես։
Միքայել ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ