2024 թվականի ԱՄՆ պետական բյուջեի՝ Կոնգրեսին ուղղված ԱՄՆ նախագահ Բայդենի հայտարարության մեջ, անկասկած, տեղ են գտնելու երկու շատ հետաքրքիր ձևակերպումներ, որոնք վերաբերելու են կրիպտոարժույթների բնագավառին. իր նոր հոդվածում գրում է «Համախմբում» շարժման աջակից Հրայր Կամենդատյանը՝ այս անգամ վերլուծելով ամերիկյան ֆինանսատնտեսական խնդիրների, ավելի ստույգ՝ կրիպտոարժույթների բարդ ոլորտը։
Azg.am-ը ստորև ներկայացնում է Հրայր Կամենդատյանի հոդվածը.
Նախատեսվող փոփոխությունները վերաբերելու են կրիպտոարժույթների արդյունահանմանը, մայնինգին և կրիպտոարժույթների առք ու վաճառքով զբաղվող շուկայական գործակալներին։
Ի՞նչ է սպասվում։
- մայնինգի, կրիպտոարժույթների արդյունահանման վերաբերյալ նախատեսվում է այդ գործունեության ժամանակ էլեկտրաէներգիայի ծախսի արժեքի նկատմամբ ֆեդերալ 30 տոկոս դրույքաչափով ակցիզային հարկի կիրառում։ Կրիպտոարժույթների մայնինգը համակարգչային հզոր սարքավորումների օգնությամբ բլոքչեյն ցանցում առաջադրված խնդիրների արագ և վստահելի լուծումն է, որը ապահովում է կրիպտոարժույթների առք ու վաճառքի գործարքների տեխնիկական իրականացումը։ Նման աշխատանքի և հետզհետե բարդացող լուծումների ապահովման համար պահանջվում են ահռելի քանակի վիդեոքարտեր, համակարգչային տեխնիկա, հովացման համակարգեր։ Աշխատանքի ծավալների հետ կապված՝ մայնինգը դարձել է էլեկտրաէներգիայի խոշոր սպառող, որի ազդեցությունը առանձին երկրներում ստեղծել է էներգիայի լրջագույն պակասուրդ և ենթակառուցվածքների ապահովման նկատառումներով, մի շարք երկրներ պարզապես արգելել են տնտեսության այդ ճյուղը։ Երկու տարի առաջ Չինաստանում արգելվեց կրիպտոարժույթների արդյունահանումը և որպես հիմնավորում՝ ներկայացվեց բնության պահպանության նկատմամբ մտահոգությունը։ Փաստորեն, ԱՄՆ ևս անուղղակի ճանապարհով որոշել է սահմանափակել կրիպտոարժույթների արդյունահանումը՝ դրա վրա սահմանելով անուղղակի շատ բարձր հարկ։ Սպասվող փոփոխությունը կներդրվի երեք տարվա ընթացքում՝տարեկան 10 տոկոս ավելանալով մինչև 30 տոկոս։
- Մյուս փոփոխությունը վերաբերում է կրիպտոտրեյդերներին՝ անձանց, որոնք գնում և վաճառում են կրիպտոարժույթներ։ Մասնավորապես, արգելվելու է կրիպտոարժույթների ֆիկտիվ, վնասով վաճառքը և նույն ծավալի, նույն արժույթի գնումը, որը շատերին հնարավորություն էր տալիս խուսափել կապիտալի աճի, եկամտի հարկումից։ Նման արգելք վաղուց կար բաժնեմասերի և արժեթղթերի բնագավառում, և հիմա դա կտարածվի նաև կրիպտոարժույթների բնագավառի վրա։ Ինչո՞ւ է ԱՄՆ նախագահը ձեռնարկել բյուջեի վերաբերյալ այս երկու նորամուծությունները: Բանն այն է, որ Բայդենի վարչակազմը հայտարարել է գալիք տասնամյակում ԱՄՆ պետական պարտքի կրճատման մտադրության մասին։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ տարատեսակ միջոցառումների օգնությամբ նախատեսվում է պետական պարտքը կրճատել 3 տրիլիոն ԱՄՆ դոլարով։ Նախատեսված գումարի մեջ կրիպտոարժույթների բնագավառում վերը ներկայացված փոփոխությունները կապահովեն 24 մլրդ ԱՄՆ դոլարի մուտք պետական բյուջե։
Որպես վերջաբան.
Չեմ կարող ինձ ստիպել հավատալ, որ ԱՄՆ ալեհեր նախագահը ինչ-որ բան է հասկանում կրիպտոարժույթներից, և կարող եմ վստահ պնդել, որ սպասվող փոփոխությունները ընդամենը ամերիկյան բանկերի լոբբինգի արդյունք են։ Ֆեդերալ ռեզերվը և բանկային համակարգը գիտակցում են, որ իրենց սպասարկման սակագներից 20 անգամ էժան և անհամեմատելի արագ սպասարկում ապահովող կրիպտոարժույթների բնագավառը դարձել է վտանգավոր մրցակից, որն անընդհատ կատարելագործվում է արդի տեխնիկայի նորություններով։
Ուստի, ամերիկյան բանկային կարտելը որոշել է գնալ չինական ճանապարհով։