Կրթության տեսչական մարմինը 2025 թվականի ընթացքում իրականացրել է աշխատանքային գործունեության և տարեկան ստուգումների ծրագրերով նախատեսված բոլոր գործառույթները։ Մասնավորապես, դրանք եղել են 4 հիմնական ուղղությամբ՝ կանխարգելիչ-իրազեկման միջոցառումներ, վերահսկողական գործառույթներ, տեսչական մարմին կողմից կիրառվող գործիքակազմի լավարկման աշխատանքներ և օրենսդրական նախաձեռնությունների մեթոդաբանության լավարկում։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը։
«Առաջին ուղղությամբ կատարվել են շուրջ 88 կանխարգելիչ-խորհրդատվական բնույթի միջոցառումներ։ Դրանց մասնակցել է շուրջ 4500 շահառու, և եթե խոսենք ըստ ոլորտների, կստացվի, որ նախադպրոցական կրթության ոլորտում այս միջոցառումներին մասնակցել են նաև համայնքապետարանների համապատասխան աշխատակիցներ։ Դպրոցների պարագայում հանդիպումներ են եղել աշակերտական խորհրդի ներկայացուցիչների, ծնողական խորհրդի հետ։ Մասնագիտական կրթության ոլորտում հանդիպումներ են իրականացվել ուսանողների և մանկավարժների հետ»,- նշեց բանախոսը։
Վաղարշակ Մատիկյանը միաժամանակ տեղեկացրեց, որ անցած տարվա ընթացքում ՀՀ կրթության տեսչական մարմինն իրականացրել է 101 ստուգում, որից 17-ը՝ նախադպրոցական, 67՝ դպրոցական հաստատություններում, այդ թվում՝ 7-ը՝ դիմում-բողոքների հիմնա վրա։ 17 ստուգում էլ իրականացվել է մասնագիտական կրթության ոլորտում։
«2025 թվականին տեսչական մարմինն ստացել է 195 դիմում-բողոք, որոնց ծանրակշիռ մասը վերաբերել է դպրոցներին։ Ստացված դիմում-բողոքներից 77-ը բավարարվել է, 42-ը վերահասցեագրվել է այլ մարմիններ, 64-ի ուղղությամբ տրվել են պարզաբանումներ։
Վերահասցեագրված դիմումներ ուղարկվել են ինչպես ԿԳՄՍՆ, այնպես էլ ուժային կառույցներ՝ կապված կրթական հաստատություններում բռնությունների, դրամահավաքների դեպքերի հետ, որոնք դուրս են մեր լիազորությունների շրջանակներից»,- ասաց Վաղարշակ Մատիկյանը։
Ըստ ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2025 թվականին իրականացրել են մնացորդային գիտելիքների ստուգումներ, որի շրջանակներում «Մաթեմատիկա», «Հայոց լեզու» առարկաներից տրվել են նախորդ տարվա ուսումնական նյութի հիման վրա գրավոր աշխատանքներ։ Այդ աշխատանքներին երկու առարկաների դեպքում մասնակցել են շուրջ 3500 սովորողներ։ Միջին գնահատականը «Հայոց լեզու» առարկայից կամզել է 4,3 միավոր, «Մաթեմատիկա»-ից՝ 4 միավոր։
«Միաժամանակ իրականացվել են դասալսումներ 70 ուսուցիչների շրջանում։ Դրանք իրականացվել են դասալսման ձևաթղթի համապատասխան, որն ամեն տարի լրամշակվում է։ Դասալսված բոլոր մանկավարժները փորձագետների կողմից ստացել են համապատասխան աջակցություն։
Մենք իրականացրել ենք նաև դպրոցներում ներառական կրթական միջավայրի վերահսկողություն։ Դիտարկվեում են ինչպես ֆիզիկական հարմարեցումները, այնպես էլ մասնագիտական-ուսումնական միջավայրը։ 2025-ին դասալսումներ անցկացվել են նաև մասնագիտական ուսումնական հաստատություններում»,- նշեց բանախոսը։





