Արդեն մի քանի օր է՝ Կոսովո-Սերբիա սահմանին լարված իրավիճակ է։ CNN-փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի զորքերը երկուշաբթի օրը ուժեղացրել են պարեկությունը Կոսովոյում սահմանային անցակետերի մոտ, որոնք անցած շաբաթվանից ի վեր արգելափակվել են տեղացի սերբերի կողմից։ Սերբերի զայրութի պատճառը եղել է Կոսովոյի իշխանությունների որոշումն արգելել սերբական պետհամարանիշներով ավտոմեքենաների մուտքը երկիր՝ պահանջելով փոխարինել դրանք ժամանակավոր համարներով¹:
Կոսովոյի իշխանությունները հայտարարում են, որ իրենք պարզապես պատճենում են սերբական ոստիկանության ծրագիրը, որի շրջանակներում տարիներ շարունակ Սերբիա մուտք գործելիս հանվում էին Կոսովոյում գրանցված պետհամարանիշները, քանզի Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, հետևաբար՝ նաև նրա կողմից տրամադրված համարանիշների օրինականությունը։
Հակադրությունն արդեն իր բռնի դրսևորումներն էլ է ունեցել։ Կոսովոյի հյուսիսում ներքին գործերի նախարարության 2 շինություններ, այդ թվում՝ մեքենաների գրանցման կետը հարձակման են ենթարկվել։
FRANCE 24-ի հաղորդմամբ էլ՝ պատերազմից ի վեր առաջին անգամ շաբաթ-կիրակի օրերին սերբական ռազմական ինքնաթիռները թռիչք են իրականացրել Կոսովոյի սահմանի երկայնքով, իսկ երկուշաբթի օրը սերբական բանակը չորս զրահամեքենա է տեղակայել Յարինջե անցակետից ընդամենը 2 կմ հեռավորության վրա²:
ՆԱՏՕ-ի ուղղաթիռները ևս մի քանի օր է, ինչ կանոնավոր թռիչքներ են իրականացնում այդ հատվածում։ ՆԱՏՕ-ի գլխավորած խաղաղապահ ուժերը, որ հայտնի են որպես Կոսովոյի ուժեր (KFOR), հայտարարել են, որ «ուշադիր հետևում են Կոսովոյի իրադրությանը և շարունակում են մնալ կենտրոնացած … ապահովելու անվտանգ և ապահով միջավայր ու շարժման ազատություն բոլոր համայնքների համար»:
✍🏻 Աստղիկ Մմացականյան
➖➖➖➖
¹ https://edition.cnn.com/2021/09/28/world/nato-patrols-kosovo-serbia-border-intl/index.html
² https://www.france24.com/en/live-news/20210927-nato-steps-up-patrols-as-kosovo-serbia-tensions-soar?fbclid=IwAR1-d5Ai1r8466bIPQv6CQPYPJYavsJT2rkDxdu6IGnwM2Ymavi2bl_b7ZY
➖➖➖➖
©️ #ՓԱԿԱԳԻԾ