Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոմպոզիտոր Սևան Ղարիբյանի ստեղծագործական դիմանկարի փորձ

09/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սևան Ղարիբյանը լիբանանահայ կոմպոզիտոր է, որը բավական երիտասարդ տարիքում բազմաթիվ հաղթանակների է հասել Հայաստանում և արտերկրում՝ մասնակցելով հեղինակավոր միջազգային փառատոների և մրցույթների։ Նա հեղինակել է մի շարք ստեղծագործություններ՝ վոկալ, կամերային և նվագախմբային կազմերի համար, որոնցից մի քանիսը հրատարակված են։ Նրա ստեղծագործությունները հնչել են Հայաստանում, ԱՄՆ-ում, Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում։
Լարային քառյակի համար գրված իր «Մայրիներ» ստեղծագործությունը ձայնագրվել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Օստին քաղաքում կայացած XXI դարի կոմպոզիտորների լաբորատորիա «Գոլդեն Հոռնետի» «Ստրինգ Քուարթետ Սմեկդաուն» VI միջազգային ստեղծագործական մրցույթի շրջանակներում և սփռվել համացանցային ամենահայտնի հարթակներում։ Աթենքում անցկացվող «Ժանամանակակից դաշնամուրը» (ICCTCP 2020) միջազգային ստեղծագործական մրցույթում Ս․ Ղարիբյանը դարձել է դափնեկիր՝ իր «Երեք փերիներ» ստեղծագործությամբ։ Դառնալով իսպանական հայտնի «Պլուրալ Անսամբլ» ժամանակակից երաժշտության անսամբլի կազմակերպած Երիտասարդ կոմպոզիտորների մրցույթի դափնեկիր՝ նրա «Հինգ լուսին» ստեղծագործությունն ընդգրկվել է համերգային շրջագայությունների ծրագրում։ Բացառիկ է նրա՝ «Լավագույն ուսանող» դիպլոմի ձեռքբերումը, որը հանդիսավոր արարողության ընթացքում նրան է շնորհվել Իսպանիայի թագուհի Սոֆիայի ձեռամբ։
Սևան Ղարիբյանը ծնվել է Երևանում, 2000 թ. մայիսի 30-ին։ Երաժշտական կրթությունն սկսել է ինը տարեկանում՝ հաճախելով Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց՝ ջութակի դասարան։ Առաջին ստեղծագործությունները գրել է 12 տարեկանում, որոնցից մեկի թեման էլ հետագայում օգտագործվել է իր «Առեղծված» ստեղծագործության մեջ։ Տեղափոխվելով Լիբանան՝ նա գերազանցությամբ շարունակել է ուսումը հանրակրթական դպրոցում՝ միաժամանակ հետամուտ լինելով երաժշտական ուսմանը։ Բնագիտական առարկաների նկատմամբ իր խոր հետաքրքրությունը մղում է իրեն ուսումը շարունակելու գիտական ուղղությամբ։ Սակայն Հայաստան վերադառնալուն պես խորամուխ է լինում երաժշտական ուսումնառության մեջ՝ հաճախելով ջութակի և դաշնամուրի դասընթացների։ 16 տարեկանը նոր բոլորած՝ գերազանց գնահատականներով
ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) ստեղծագործական բաժին՝ Վարդան Աճեմյանի դասարան։


2017 թ.-ին Ջորջ Բայրոնի խոսքերով ձայնի և դաշնամուրի համար գրված «Ցոլք» ստեղծագործությամբ հանդես է գալիս Գյումրիում կայացած «Վերածնունդ» IX միջազգային մրցույթ-փառատոնին՝ զբաղեցնելով առաջին տեղը։ Ժյուրիի կազմում էին Տիգրան Մանսուրյանն ու էստոնացի կոմպոզիտոր Տոնու Կորվիցը։ Այնուհետև «Ցոլքը» կատարվում է նաև Հայաստանի կոմպոզիտորների միության և Հայ բարեգործական ընդհանուր միության դահլիճներում՝ արժանանալով ջերմ գնահատականների։ Իրենց հոդվածներում ստեղծագործությանն անդրադառնում են անվանի երաժշտագետներ Մարգարիտա Ռուխկյանը և Սվետլանա Սարգսյանը։
2018 թ.-ին «Պայք և պայիկք» (2017) դաշնամուրային ստեղծագործությամբ ելույթ է ունենում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում և ԵՊԿ-ում։ Ստեղծագործությունը ներշնչված է հայկական և հունական դիցաբանությամբ։ Երկի մեջ կոմպոզիտորը կիրառում է բազմազան հետաքրքրական հնարներ (օր.՝ դաշնամուրային ֆլաժոլետներ)։
2020 թ.-ին ավարտում է ԵՊԿ ստեղծագործական բաժինը (Վարդան Աճեմյանի դասարան)՝ դառնալով կոնսերվատորիայի ամենաբարձր ՄՈԳ-ով ավարտող շրջանավարտը։ 2020 թ.-ին սկսվում է կոմպոզիտորի համագործակցությունը մի շարք արտասահմանյան մշակութային կազմակերպությունների հետ և ստեղծագործությունների կատարումը տարբեր երկրներում։ «Երեք փերիներ» ստեղծագործությունը հաղթող է ճանաչվում Աթենքում անցկացվող միջազգային մրցույթում, որը կատարում է հայտնի դաշնակահար Դմիտրիս Անուսիսը։ Նույն թվականին Ս. Ղարիբյանի «Մայրիներ» ստեղծագործությունը ձայնագրվում է Տեխասում, որը կատարում է «Ինվոկ» լարային քառյակը։ Ստեղծագործությունը, որը կոմպոզիտորը գրել է ընդամենը մի քանի օրում, շղթայական ձևով կազմված պատկերների հաջորդականություն է ներկայացնում՝ մոտիվային փոխկապակցությամբ։ Ըստ կոմպոզիտորի, այն ցույց է տալիս նրա անցած ճանապարհը, մշակութային ազդեցությունները՝ լադերի, քառորդ տոների և որոշ ժամանակակից տեխնիկաների գործածությամբ պայմանավորված։
Իսպանիայի Մադրիդ քաղաքի Թագուհի Սոֆիայի անվան բարձրագույն երաժշտական դպրոցի «Աուդիտորիո Սոնի» դահլիճում, Ֆաբիան Պանիսելոյի ղեկավարությամբ, տեղի են ունենում համերգ-ձայնագրություններ, որոնց թվում է կլառնետի համար գրված նրա «Մոնոդիա» ստեղծագործությունը։
2021 թ․-ին Ս․ Ղարիբյանի «Հինգ լուսին» ստեղծագործությունը, «Պլուրալ Անսամբլի» կազմակերպած Երիտասարդ կոմպոզիտորների մրցույթում հաղթող ճանաչվելով, կատարվում է Վալենսիայում, Սևիլիայում, Խետաֆեում և Սարագոսայում։ Այնուհետև «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի կազմակերպած, Կոմիտասի 150-ամյակին նվիրված Խմբերգերի IV միջազգային կոմպոզիտորական մրցույթում Ս. Ղարիբյանի «Նազան-Նաբիկո» ստեղծագործությունը հաղթող է ճանաչվում՝ արժանանալով ժյուրիի առաջին մրցանակին և «հանդիսատեսի համակրանք» տիտղոսին։

Նազան-Նաբիկո

«Նազան-Նաբիկո»-ն երկմասանի ստեղծագործություն է, որը հիմնված է Կոմիտասի գրառած երկու ժողովրդական երգերի վրա՝ «Հոյ, Նազան» և «Նաբիկո»։ Առաջին մասը՝ «Հոյ, Նազանը» գրված է բարդ երկմաս ձևում։ Նախաբանում հետզհետե ներմուծվում են մեղեդու առանձին տարրերը՝ նախապատրաստելով բուն նյութի մուտքը։ Ամենասկզբում ալտերի պարտիան փոքր-ինչ hիշեցնում է բուն թեմայի սկզբնական հնչյունները, ապա տասնվեցերորդականներից կազմված ռիթմական մոտիվը, որն այնուհետև անցնում է սոպրանոներին։ Ձայնաբաժնում ի հայտ է գալիս և հաստատվում եռամաս ռիթմը, որը հետագայում գրեթե ողջ ստեղծագործության համար ռիթմական հենք է հանդիսանում։ Նախաբանը գրված է էոլական ձայնակարգում, սակայն որոշ տակտերում լա դիեզ նոտայի առկայությունը տվյալ դրվագներին հաղորդում է դորիական նշույլ։ Խմբերգի առաջին հատվածն ինքնին կառուցված է երկու ենթաբաժնից. սկզբում հնչում է բուն մեղեդու առաջին հատվածը՝ հիմնականում տրված սոպրանոներին, իսկ երկրորդ ենթաբաժնում այն թաքնվում է ձայնային շերտերի միջև և ձայնից ձայն անցնում։ Երաժշտական նյութի զարգացման ընթացքում առաջանում են մեղեդային նոր զարգացումներ՝ հարստացնելով հնչողությունը։ Տեքստային փոփոխությամբ պայմանավորված՝ հատվածի վերջին չորս տակտերը նախապատրաստում են երկրորդ հատվածը, որն սկսվում է նոր տեմպով և հյուսվածքով ու նոր թափ հաղորդում ստեղծագործության ընթացքին։ Ընդլայնված ձայնարկությունների միախառնումը լուծվում է ռիթմական վերջաբանի մեջ՝ ավարտվելով մունջով, որը մեղեդուն հատուկ մոտիվի վերջին դրսևորումն է։ Թեև խմբերգի կենտրոնում ընկած է «Հոյ, Նազան» երգը, ստեղծագործության ընթացքում հնչում է նաև կոմպոզիտորի ստեղծագործած մեղեդիական նյութը։ Դրանք հնարամիտ ձևով միաձուլվում են ստեղծագործության մեջ՝ հանդես գալով տարբեր անցկացումներով և ընդլայնումներով։ Մեղեդին, հարստացած հարմոնիկ միջոցներով, անցնում է տարբեր տոնայնական դաշտերով։ Այն հանդիպում է թե՛ միաձայն անցկացմամբ, թե՛ տարբեր ձայներով հարստացմամբ։ Ստեղծագործության առաջին հատվածի տարրերից է մեղեդի-ձայնակցություն հարաբերությունը, որի կարևորագույն տարրն է երկրորդ ալտերի՝ հայկական երաժշտությանն այնքան բնորոշ մշտակա ձայնարկությունը՝ այսպես կոչված դամը, որի վրա էլ ծավալվում է երաժշտական նյութը։ Երկրորդ հատվածը նախապատրաստող տակտերն ունեն դորիական երանգ, սակայն մերթընդմերթ լադը վերադառնում է էոլականին։ Ավարտին մոտ լադի երկրորդ աստիճանիկողքին է հայտնվում սի բեմոլ նոտան, որն ուրույն երանգ է հաղորդում ձայնակարգին։ Հատվածն ավարտվում է երեք՝ լա, սոլ և դո նոտաներից բաղկացած սեպտիմային-տերցիային հարաբերության բազմաձայնությամբ։ Այդ ժամանակ ալտերի պարտիայի կրկնվող «հո-հո» ձայնարկությունները նախապատրաստում են հաջորդող «Նաբիկոյի» նույնանման ռիթմական պատկերներին, որոնց վրա ծավալվում է բոլորովին տարբեր նյութ։ Ինչպես վերը նշեցի ստեղծագործության երկրորդ մասի հիմքում ընկած է Կոմիտասի գրառած «Նաբիկո» ժողովրդական երգի թեման։ Առաջին հատվածում, որը ծավալվում է մինչև բուն թեմայի մուտքը չափը անընդհատ փոփոխվում է, կապված շեշտի հետ։ Երաժշտական միտքը հիմնականում շարադրված է ութերորդականների միջոցով, որը խախտվում է նախադասությունների վերջում, երբ մի ձայնը պահում է Տոնիկան դամի տպավորություն ստեղծելով, մինչ մյուս ձայները շարունակում են իրենց բնականոն շարժը։ Այս միջոցը կոմպոզիտորը կիրառել է ցանկանալով ակուստիկ լսողական հնարք (էֆեկտ) ստանալ։ Այսպիսի դամի մենք հանդիպում ենք նաև ստեղծագործության առաջին մասում՝ «Հոյ նազան»-ում։ Նաբիկոյի առաջին հատվածը գրված է հիպոփրուգիական-լոկրիական հնչյունաշարի երկու դրսևորումներով. մի դեպում՝ ալտերացված (իջեցված չորորդ և բարձրացրած հինգերորդ աստիճաններ), մյուս դեպքում՝ ոչ ալտերացված տարբերակով։ Թեման գրված է հարմոնիկ ձայնաշարում։ Այստեղ անընդհատ հանդիպում ենք տոնայնական կենտրոնների փոփոխությունների, որը հաստատվում է Լա տոնայնական կենտրոնում փռուգիական և հարմոնիկ լադի համադրությամբ։ Այնուհետև համարյա կլաստերային հնչողությամբ տարածվում է պոլիլադայնությունը, երբ ամեն ձայնում հնչում են մինչ այդ հանդիպած լադերը։ Ստեղծագործությունն ավարտվում է բասից կիսատոն վար անսպասելի տոնայնական կենտրոնով, որը մինչ այդ պահը դեռ չէինք հանդիպել։ Այս ամենը երաժշտական հյուսվածքը դարձնում է գունագեղ, արտահայտիչ և վկայում հեղինակի տաղանդի ու հնարամտության մասին։

Անի Գաբրիելյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հրթիռային հարձակում Հյուսիսային Իրաքում գտնվող թուրքական բազայի վրա

Հաջորդ գրառումը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը հրաժարական են տվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
Նորություններ

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը հրաժարական են տվել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական