Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկսվի Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնմամբ․ ըստ ՏԱՍՍ-ի՝ հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Մենք հանդիպում ենք անցկացրել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով։ Արդյունքը եղավ համապարփակ փաստաթուղթը․ նշել է Օվերչուկը։
Կողմերից ոչ մեկը չի կասկածում, որ այս ճանապարհի առանձին հատվածները կհայտնվեն այն երկրի իրավասության ներքո, որի տարածքում են գտնվում։ Այսպիսով, այս ճանապարհի հետ կապված՝ Ադրբեջանում կկիրառվի ադրբեջանական, իսկ Հայաստանում՝ հայկական օրենսդրությունը։ Թվում է, թե դրանք ակնհայտ բաներ են, բայց հաշվի առնելով այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու պետությունների և ժողովուրդների միջև, այս ամենը պետք է ամրագրվի։
«Մինչ այժմ երկու երկրների սահմանին զինված բախումներ են տեղի ունենում, մարդիկ են զոհվում։ Իմ գործընկերների համար շատ դժվար է աշխատել նման միջավայրում, բայց նրանք զգում են իրենց պատասխանատվությունը այն որոշման համար, որը մեր պետությունների ղեկավարները վստահել են մեզ՝ զարգացնել և շարունակել աշխատել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։
Բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի, և խաղաղության հասնելու լավագույն միջոցը մարդկանց համար խաղաղ փոխգործակցության հնարավորություն բացելն է, ընդհանուր ճանապարհ կառուցելը, որով մարդիկ և ապրանքները կտեղափոխվեն, կյանքը կնորմալանա, կսկսվի առևտուրը, նախկին լարվածությունը երկրորդ պլան կմղվի»,- ասել է ռուս պաշտոնյան։
Նա նկատել է, որ ամենամեծ խնդիրը վստահությունն է։ Հենց դրա պատճառով է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում։ Ի վերջո, ճանապարհով կգնան հասարակ մարդիկ՝ ադրբեջանցիներ, հայեր, այլ երկրների քաղաքացիներ։
Ինչպե՞ս են հայերն ու ադրբեջանցիները միմյանց վերաբերվելու սահմանը հատելիս, ինչպե՞ս է ապահովվելու նրանց անվտանգությունը այլ պետության տարածքով շարժվելիս։ Սա է այսօր գլխավոր հարցը, որին, ըստ Օվերչուկի՝ երեք պետությունների ներկայացուցիչները միասին ցանկանում են պատասխանել այնպես, որ վստահ լինեն՝ այլ երկրի տարածքում այս մարդկանց հետ ոչ մի վատ բան չի պատահի։
«Փաստաթղթի նախագիծը ձևավորվել և գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել է, թեև հիմնական հարցը՝ ինչպես կշփվեն շարքային ադրբեջանցիներն ու հայերը սահմանը հատելիս, դեռ հստակ չէ։
Հայաստանի համար այս երկաթուղու բացումն առանցքային նշանակություն ունի երկրի ապաշրջափակման առումով։ Հայաստանի տնտեսությունը շատ ակտիվ աճ է գրանցում. նախորդ տարի այն կազմել է 12,6%։ Սա աշխարհի ամենաբարձր տնտեսական աճի տեմպերից մեկն է, և բոլորը հասկանում են, որ այս տնտեսական հրաշքի պատճառները հայ ձեռներեցների բիզնես- որակներն են՝ ավելացրած Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ խոշոր տնտեսություն անարգել մուտքը։ Տնտեսության նման ընդլայնումը պահանջում է համարժեք զարգացած տրանսպորտային կապեր՝ ապահովելու համար Հայաստանի մուտքը համաշխարհային շուկաներ։ Միևնույն ժամանակ, Հայաստանը Ռուսաստանին ընկալում է՝ որպես իր հիմնական շուկայի»,-նշել է Օվերչուկը։
Նա անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի տահոգություններին։
Ադրբեջանը նույնպես ձգտում է հնարավորինս արագ ուղիղ և հարմարավետ տրանսպորտային կապեր ձեռք բերել իր երկրի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Բացի այդ, ակնհայտ է, որ երկաթուղին ավելի հեռանկարային է. այն կհասնի Իրան և Թուրքիա՝ դառնալով Եվրասիայի կարևորագույն տրանսպորտային ուղիներից մեկը։
«Իհարկե, հանուն փաստաթղթի արագ ստորագրման՝ ոչ ոք երկրորդ պլան չի մղի մարդկանց ու ապրանքների անվտանգությունը, որոնք կշարժվեն այս ճանապարհով։ Սա շատ կարևոր կետ է, որի պատասխանն ունենալու համար դեռ աշխատում ենք»,- եզրափակել է Օվերչուկը։