1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվեց անկախության հանրաքվե։
Անցկացվեց ԽՍՀՄ օրենսդրության համապատասխան և իրավական առումով՝ անթերի։ Հանրաքվեին մասնակցել էր ԼՂՀ չափահաս բնակչության 82,2%-ը:
Անկախությանը կողմ էր քվեարկել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 99,99%-ը՝ 108.615 մարդ։
Դեմ էր քվեարկել ընդամենը 24 հոգի։
Կարևոր թիվ է հենց 82,2%-ը։
Այն ցույց է տալիս Հանրապետությունում հայերի ու ադրբեջանցիների բաշխումը 1988 թվականի դրությամբ։
1991-ին ընտրացուցակներից հանվել էին մահացածները, մուտք էին արվել 18 տարեկան դարձածները։
Ինչու՞ է սա կարևոր։
Համաձայն Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած կարգավորման առաջարկների, որոնք շրջանառվում էին դեռևս 2006 թվականից, և որի մի տարբերակ ժառանգել էր նաև Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակը որոշելու հանրաքվեին (կամ պարտադիր կամարտահայտությանը) պետք է մասնակցեին թե՛ հայեր և թե՛ ադրբեջանցիներ այն ՆՈՒՅՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ, որ գոյություն ուներ մինչև 1988 թվականի փետրվար։
Նույնիսկ եթե հանենք Շահումյանի շրջանը, որը «Սովետի թվին» ԼՂԻՄ կազմում չէր, հայերն Արցախում բացարձակ մեծամասնություն էին, և հանրաքվեի արդյունքները կասկած չէին առաջացնում։
Այնպես որ, թող ՔՊ-ականները չփորձեն մարդկանց խաբել, թե հանրաքվեի արդյունքները երաշխավորված չէին, քանի որ ադրբեջանցիք նույնպես պետք է մասնակցեին։
Արթուր Խաչատրյան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր