Բաց նամակ՝ ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոս Տէրտէրեանին.
Սրբազան Հայր,
Այս նամակը ծնվում է խոր մտահոգությունից և պատասխանատվության զգացումից։ Ձեր վերջին քայլերն ու դիրքավորումները լուրջ հարցականի տակ են դնում այն վստահությունն ու հարգանքը, որ տարիներ շարունակ ձևավորվել է Ձեր շուրջ։
Դեռևս որդիական հորդորով կոչ եմ անում կանգ առնել և վերանայել այն ճանապարհը, որով ընթանում եք։ Այդ ուղին վտանգում է ոչ միայն Ձեր անձնական հեղինակությունը, այլև այն հոգևոր ծառայությունը, որի համար պատասխանատու եք։ Ցավալի կլինի տեսնել մի հոգևորականի, ում առաջ խոնարհվել եմ և ում աջն եմ համբուրել, հայտնված խռովության ու դավաճանության մեջ և խայտառակության եզրին։
Տերը Սուրբ Գրքում զգուշացնում է.
«Ետս գնա՛, սատանա՛… որովհետև Աստծու բաները չես խորհում, այլ՝ մարդկանց» (Մատթեոս 16․23)։
Եվ կրկին՝ «Ով կարծում է, թե կանգնած է, թող զգուշանա, որ չընկնի» (Ա Կորնթացիներ 10․12)։
Այս խոսքերը հիշեցում են բոլորիս համար, որ ոչ ոք անսասան չէ, և ամեն քայլ ունի իր հետևանքը։ Աղոթում եմ, որ Տիրոջ լույսը լուսավորի Ձեր որոշումները և Ձեզ ուժ տա հրաժարվելու այն քայլերից, որոնք կարող են խաթարել Ձեր կերպարը և ծառայության արժեքը։ Ժամանակը դեռ կա կանգ առնելու, խորհելու և ուղղությունը փոխելու համար։
Այս խոսքերը հնչում են որպես խիստ հորդոր, ոչ թե թշնամանք, բայց նաև ոչ որպես լուռ համաձայնություն։ Լռությունը այս պահին այլևս հնարավոր չէ։
Հարգանքով և աղոթքով։
Տաճարական Ասպետների միաբանության ԱՄՆ գերագույն խորհրդի անդամ Սարգիս Զելվեյան





