Հայաստանում շահագործվող վրացական պետհամարանիշներով մեքենաները մաքսազերծելու համար կառավարությունն, իր իսկ ձեւակերպմամբ, աջակցման ծրագիր է ներկայացրել։ Հայաստանում շահագործվող այլ երկրի գրանցում (բացառությամբ ԵԱՏՄ երկրների) ունեցող մեքենայի տերերը, եթե ընթացիկ տարվա 5-31-ը մաքսազերծեն ավտոմեքենան, ապա դրա 70 տոկոսը կառավարությունը կվճարի։ Խոսքը մինչեւ 2023-ի դեկտեմբերի 4-ը ձեռք բերված մեքենաների մասին է։ Դրանից հետո Հայաստանում գործելու է կառավարության որոշումը, ըստ որի՝ ՀՀ-ում շահագործվող Վրաստանի կամ ԵԱՏՄ տարածքի երկիր չհանդիսացող պետության գրանցում ունեցող մեքենաները Հայաստանի սահմանը հատելիս մաքսային դեպոզիտային հաշվին պետք է մաքսազերծման 100 տոկոսի չափով գումար վճարեն։ Հայաստան վերադառնալիս այդ գումարը նորից նրանց է վերադարձվելու։ Բայց, ենթադրենք, ՀՀ քաղաքացին մեկ շաբաթվա ընթացքում 7 անգամ ելումուտ անի, ապա այդքան անգամ էլ պետք է վճարի ու հետ ստանա մեքենայի մաքսազերծման գումարը։
Նման քաշքշոց-առեւտրից խուսափելու համար ենթադրելի է, որ ԵԱՏՄ երկիր չհանդիսացող պետության (հիմնականում՝ Վրաստանի եւ Իրանի) գրանցում ունեցող մեքենայի տերերը կնախընտրեն օգտվել կառավարության, այսպես ասած, արտոնությունից եւ մաքսազերծման ընդհանուր գումարի 30 տոկոսը վճարելով՝ ազատվել այդ գլխացավանքից։
Իրականում կառավարությունը ոչ թե արտոնություն է սահմանում, այլ տարեվերջին բյուջեին հարուստ նվեր է անում՝ մեծ չափի գումար մուտք անելու տեսքով։ Պարզից էլ պարզ է՝ տարվա ավարտ է, մի շարք կատարողականներ պետք է հասցնել, լրացնել, ու սրանից ավելի հարմար լուծում չէր կարող լիներ՝ աջակցության անվան տակ 10 հազար մեքենայի մաքսատուրքի (թեկուզ մասնակի) գումարը բյուջե բերել։
Սեւակ Վարդումյան