Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ.
Արդեն շուրջ 40 օր ու ավելի է, ինչ ես ու մեր Սրբազան պայքարի մեկ տասնյակից ավելի անդամներ գտնվում ենք ապօրինի կալանքի տակ:
Կարծում եմ, որ իմ հայրենակիցներից ոմանք անհանգիստ էին, ինչ-որ տեղ չբացառելով, որ կարող է սա իրականում քրեական գործ է, այլ ոչ թե բառերի կույտ: Ինչ-որ տեղ մտածում էին, որ Ազգային ժողովի ամբիոնից, եթե նման լրջությամբ մտքեր են արտահայտում, ապա, կարող է, սա իրականում քրեական գործ է, թե ուղղակի՝ ջուր է, այլ ոչ թե գործ:
Ազգային ժողովի ամբիոնից հայտարարվել էր սպասվող մեծածավալ գործողությունների մասին, ինչ-որ աստղիկների մասին, բայց 30 օրվա ընթացքում նախաքննության ավարտ հայտարարվեց, ու հաստատվեց միայն այն, ինչի մասին ասում էինք մենք:
Ոչ մի մեծածավալ գործողություն չեն արել, որովհետև այստեղ գործ չկա, որ անեն, ոչ մի աստղիկներ չեն գտել, որովհետև այդ խոսակցությունը ևս մոնտաժել էին: Սա քրեական գործ չի, սա քրեական վարույթ չի, սա ուղղակի վրեժխնդրություն է: Վրեժխնդրություն այն մարդկանցից, ովքեր չեն ուզում ստորացված ու կեղծ խաղաղություն, վրեժխնդրություն արժանապատիվ խաղաղություն պահանջողներից:
2025 թվականի հուլիսի 8-ին Ազգային ժողովի ամբիոնից իմ ելույթում դիմելով Ձեզ, իմ սիրելի հայրենակիցներ, խոսելով այս խայտառակ ու պրիմիտիվ ապօրինի քրեական գործի մասին՝ պարզ ճակատով ասել էի ՝ չկա նման բան, չի եղել նման բան, և չի կարող լինել որևէ ապացույց նման որևէ երևույթի մասին: Մենք դուրս էինք եկել այս իշխանությունների դեմ պայքարի, և նույնիսկ իրենց, այլևս բոլորի համար պարզ դարձած մոնտաժված, մի տեղ փոխված, մի տեղ հարմարեցված ձայնագրություններից էլ պարզ էր, որ սա քրեական գործ չէր կարող լինել:
Թեև սահմանափակված եմ բանտի պատերով ու զրկված եմ ընկերներիս հետ շփման հնարավորությունից, բայց վստահաբար կարող եմ ասել, որ բանտարկություններն ու հետապնդումները այլևս ոչ մեկին չեն վախեցնում, չեն ընկճում, այլ էլ ավելի են ամրապնդում ու ուժեղացնում:
Վստահ եմ՝ առաջիկայում դատարանում այս շինծու մեղադրանքը պարզապես վերանալու է բոլորիդ աչքերի առաջ, քանի որ մի բան, եթե գոյություն չունի, ինչքան էլ փորձես, չի ստացվելու, չի դառնալու:
Ես պայքարել ու պայքարելու եմ, իսկ եղածն օրվա իշխանության հաղթանակը իմ ու ընկերներիս կալանքն է:
Մեր պայքարի արդյունքը, մեր հաղթանակը մեր բոլորիս երազած հզոր, արժանապատիվ, առանց սև ու սպիտակների Հայաստանն է, ու այդ հաղթանակն անխուսափելի է:
Չկասկածեք:
Աստված պահապան լինի մեր Հայրենիքին ու մեր օջախներին:
Գնացինք առաջ, ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ:
Արթուր Սարգսյան
ՀՀ ԱԺ պատգամավոր
«Վարդաշեն» ՔԿՀ
18.08.2025թ.