Այս օրերին նկատեցի գնահատականներ, որ Գարեգին Երկրորդ Վեհափառը դառնում է «դիմադրության խորհրդանիշ». գրել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նրա կարծիքով, եթե անգամ ամենայն անկեղծությամբ հնչող, բայց բավականին վտանգավոր գնահատական է: Գարեգին Երկրորդը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու գլուխը: Այո, նա ներկայումս դիմադրում է եկեղեցու դեմ արշավին, որ իրականացվում է անձնապես իրեն թիրախավորելով: Բայց, պետք չէ նրան կարգել «դիմադրության խորհրդանիշ»:
Հակոբ Բադալյանը մասնավորապես նշել է.
Ամենայն Հայոց Կաթողիկոսը արդեն իսկ խոհրդանիշ է, որից ավելին լինել թերեւս հնարավոր չէ: Ըստ այդմ, իրավիճակի զգացականությունը, որոշակի առումներով նաեւ հուզականությունը հասկանալի լինելով հանդերձ, պետք է չգերակայեն իրողությունների հանդեպ սթափ գնահատականներին:
Հակառակ պարագայում կարող է կամա, թե ակամա առաջանալ իրավիճակը քաղաքականապես շահարկելու գայթակղություն՝ Կաթողիկոսին վերածելով «դիմադրության խորհրդանիշի»:
Պետք է նաեւ հասկանալ, որ Գարեգին Երկրորդը ներկայումս դիմադրությունը կազմակերպում է ամենեւին ոչ զգայական «հիմքերի» վրա, այլ՝ առաջին հերթին եկեղեցին ճանաչելու իր մեծ փորձի, նաեւ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի բավականին նուրբ բազմաշերտության հանգամանալից պատկերացման ու ըմբռնման վրա:
Այստեղ է, որ նա արժանի է քաջալերանքի եւ խրախուսման, որովհետեւ, եթե անգամ մտածում է լոկ իր դիրքերի մասին, միեւնույն է, դրանով նա այսօր պահում է եկեղեցին:
Հետեւաբար, նրան քաջալերելն ու խրախուսելն էլ պետք է լինի նրա վարքագծին համարժեք ռացիոնալության դաշտում, շատ զգույշ լինելով նրան «դիմադրության խորհրդանիշ» չդարձնելու համար, որովհետեւ դա կնշանակի ոչ թե բարձրացնել Վեփառաին, այլ հակառակը՝ իջեցնել իր կարգավիճակից:
Բառերն ու ձեւակերպումները, որ հավակնում են լինել բարդ իրավիճակում հանրայնացվող միտք, թերեւս պետք է մշակվեն ու հրապարակայնացվեն շատ զգույշ, հատկապես, երբ դրանք հավելյալ պատասխանատվության բեռ են ենթադրելու ոչ թե Կաթողիկոսին տրվող բնութագրի հեղինակների, այլ հենց նրա համար:





