«Միասնություն-Ազգային շարժում» կուսակցությունը, որը հիմնված է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ստեղծած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության վրա, չի մասնակցի խորհրդարանի աշխատանքներին, քանի որ չի ընդունում ընտրությունների արդյունքները, որոնցում ընդդիմությունը պարտվեց. Գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կուսակցության ղեկավար Թինաթին Բոկուչավային։
«Իհարկե, երբ մենք ասում ենք՝ չենք ճանաչում ընտրությունների արդյունքները, դա նշանակում է, որ մենք չենք ծրագրում մտնել խորհրդարան»,- լրագրողներին հայտնել է «Միասնություն-Ազգային շարժման» ղեկավար Բոկուչավան։
Ավելի վաղ մեկ այլ ընդդիմադիր կուսակցություն՝ «Փոփոխությունների կոալիցիան», որը խորհրդարան է մտել ընտրությունների արդյունքներով, հայտարարել է, որ հրաժարվում է պատգամավորական մանդատներից։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել առաջին անգամ էլեկտրոնային քվեատուփերի միջոցով։
Ընտրատեղամասերի 99,64%-ի ձայների հաշվարկի համաձայն՝ «Վրացական երազանքն» ունի 54,08%, ուստի որպես հաղթող ուժ՝ իրավունք ունի անհատապես ձևավորել կառավարություն։
Չորս ընդդիմադիր կուսակցություններ հաղթահարել են հինգ տոկոսի շեմը՝ «Փոփոխությունների կոալիցիա»-ն՝ 10,92 տոկոս, «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցությունը՝ 10,12 տոկոս, «Ուժեղ Վրաստանը»՝ 8,78 տոկոս, «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ 7,76 տոկոս: Նրանք բոլորը հրաժարվում են ճանաչել ընտրությունների արդյունքները։