Պաշտոնանկություններն ընդամենը նախընտրական քարոզարշավի մի մասն են՝ անկախ նրանից՝ ընտրությունները կլինեն հերթական, թե արտահերթ։ Ակնհայտ է, որ այսօր կատարվում է ամբոխահաճո նման քայլ, և հասարակության այն մասը, որը պաշտպանում է գործող իշխանություններին, բոլոր թերացումների և ձախողումների մեջ մշտապես փնտրում է մեղավորներ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Հայաստանի Հանրապետությունում, որպես այդպիսին, պետական համակարգ չի ձևավորվել, և ընդամենը մեկ որոշմամբ այս պաշտոնանկությունները, հետո՝ հնարավոր փոխատեղումները, ինքնին խոսում են այն մասին, որ պետություն-համակարգ մենք չենք ստեղծել. մենք ստեղծել ենք մարդ-համակարգ, այսինքն՝ մեկ մարդու կամքից կախված պետություն, որն իներցիայով շարունակում է իր գոյությունը»,- նշեց քաղաքագետը։
Արա Պողոսյանի խոսքով՝ ՀՀ գործող իշխանություններն այլևս չեն կարող շահարկել նախկինների թեման, որովհետև այն շատ հնացած, և վեց տարի անց նույնիսկ ծիծաղելի է խոսել նախկինների սխալների մասին։
«Ես առիթ ունեցել եմ ասելու, որ վեց տարվա ընթացքում կարելի էր զրոյից պետություն կառուցել և կայացնել, էլ ուր մնաց գալ իշխանության և քո ձախողումների մեջ վեց տարի հետո շարունակել մեղադրել նախկիններին։ Սա արդեն չարչրկված թեզ է և նույնիսկ, կրկնում եմ, ծիծաղ է առաջացնում։ Հետևաբար պետք էր բերել նոր թեզ, որով կարելի էր հիմնավորել սեփական ձախողումները»,- ասաց մեր զրուցակիցը։
Քաղաքագետը հորդորեց ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, թե հատկապես որ ոլորտի ներկայացուցիչներն են լքում պաշտոնները։
«Հիմնականում հեռանում են ներքին անվտանգության պատասխանատուները և հարկային ծառայության ղեկավարը, քանի որ այսօր Հայաստանի Հանրապետության հիմնական և կարևոր խնդիրները գտնվում են հենց այս դաշտերում՝ ներքին անվտանգության և հարկային քաղաքականություն։ Երկրում ծայր առած հանցագործությունների թվի աճը, դրանց ծանրության աստիճանն ուղղակի սարսափելի են։ Հետևաբար այստեղ պետք է լինեին մեղավորներ, և մեղավորներ գտնել չափազանց կարևոր ու հեշտ է, եթե նրանք թիմի ներսում են, և վաղը ձախողումների համար կարելի է նրանց մեղադրել։
Ինչ վերաբերում է Զինված ուժերին, ապա բանակում սպանությունների և ինքնասպանությունների թիվը, ռազմական անվտանգության մակարդակը, ձևավորված բանակային ավանդույթները, մեղմ ասած, լավագույն վիճակում չեն, ինչի համար ևս վաղը՝ ընտրությունների ժամանակ, պետք են պատասխանատուներ և մեղավորներ։ Նրանց հեշտ կլինի գտնել՝ հատկապես այսպիսի ազատումների ֆոնին»,- ամփոփեց Արա Պողոսյանը։
Հիշեցնենք, որ այսօր հրաժարականի դիմումներ են ներկայացրել մի շարք գերատեսչությունների ղեկավարներ։ Նրանց թվում են ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։