Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել Քրեական նոր օրենսգիրքը: Ըստ փաստաբան Աննա Ծառուկյանի՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին առաջադրված մեղադրանքը ուժը կորցրած է ճանաչվել: Հետևաբար, չկա օրենք, չկա հանցագործություն հայտնի բանաձևով առաջնորդվելով՝ Ծառուկյանը դատավոր Վաչե Մարգարյանին հռետորական հարցով է դիմում՝ ո՞ր հոդվածից ենք պաշտպանվում:
«Քրեական նախկին օրենսգրքի 333 հոդվածի մեղադրանքի մասով հետապնդումը պետք է դադարեցվի: Քանի որ ուժի մեջ մտած նոր քրօրենսգրքով կառուցվածքային փոփոխություն է եղել, ու Իսագուլյանին առաջադրված մեղադրանքը 476 հոդվածով ուժը կորցրած է ճանաչել»,-վստահեցնում է Աննա Ծառուկյանը:
Օրենքը հետադարձ ուժ վատթարացման հիմքով ունենալ չի կարող, լավացման հիմքով՝ միանշանակ. հավաստիացնում է պաշտպանը:
Աննա Ծառուկյանը դատարանին միջնորդեց օրենքի բացակայության հիմքով դադարեցնել Իսագուլյանի նկատմամբ քրեական հետապնդումը:
«Միջնորդությունը գրավոր ներկայացրեք, որ պատշաճ ուսումնասիրման հնարավորություն ունենանք»,- պահանջեցին մեղադրող դատախազները:
Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 19-ին:
Հիշեցնենք` Իսագուլյանը կալանավորվել էր 2021-ի դեկտեմբերին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով)։
Իսագուլյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Ուկրաինայում ՀՀ դեսպանը բանակցություններ է վարել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ։ Արդյունքում որոշվել է, որ ՀՀ վարչապետը Բաթումիում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի գումար խնդրի, քանի որ ՀՀ բյուջեում գումարը վերջացել է, և չեն կարողանում թոշակները վճարել։
Նշենք, որ Գառնիկ Իսագուլյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել 2022թ.-ի մարտի 18-ին: