Արդեն երկու օր է՝ համացանցում տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մեկ ինքնաձիգով ու նռնակով հայ տղամարդը Կուբաթլույի (Որոտան) ճանապարհին կանգնեցնում ադրբեջանական ավտոշարասյունը։
Oragir.news-ի հետ զրույցում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն ասել է, որ, համադրելով իրենց ձեռքի տակ եղած փաստերը, գույները, տղայի նախկին նկարները, ինչպես նաև երիտասարդի զինակցի պատմած տեղեկությունները կարելի է 95 տոկոսով եզրակցնել, որ երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է։
Սահակյանը նաև նշել է, որ տարածվող մաքրած լուսանկարները ճիշտ մաքրած չեն և իրականում բոլորովին այլ դեմք է պատկերված։ «Նա համարվում է անհետ կորած, որի գերեվարումը չէինք բացառել, որովհետև զինակցից ունեինք տեղեկություններ, որ իրենք երկուսով են եղել»։
Սահակյանը նշել է, որ առավել հստակ տեղեկություններ կարող է հաղորդել ավելի ուշ։ «Այս պահին փորձում ենք նաև փորձագիտական հաստատում ստանալ, որ կադրերում Տարոն Անդրեասյանն է»։
Հրապարակված տեսանյութում նշվում էր, որ ադրբեջանցիների հետ բարձրաստիճան սպա կար, որն առաջարկում էր հանձնվել՝ խոստանալով, որ չի սպանի, սակայն հայ ռազմիկը չհամաձայնեց, սպառնաց, որ կսպանի ադրբեջանցիներին ու կրակ բացեց։ Ադրբեջանցիները նշում էին, որ ստիպված էին սպանել նրան։