Նոյեմբերի 15-ին Մեղրիի մարտական դիրքերից մեկում համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում ստացած Վահե Հովսեփի Հովսեփյանը Սիսիան քաղաքից էր:
Երկու եղբայրներից Վահեն ավագն էր: Բանակ էր զորակոչվել 2021թ.-ի հուլիսի 12-ին: Եվս 8 ամիս, և Վահեն կավարտեր պարտադիր զինվորական ծառայությունը:
Վահեն սովորել է Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցում: Կազմակերպված, մեծին հարգող, որոշ դեպքերում ամոթխած, դաստիարակված տղա էր. բնութագրում է դասղեկ Մարիամ Գրիգորյանը:
Չափից ավելի հոգատար, վստահելի, գաղտնապահ, ժպտադեմ, մի խոսքով լուսավոր տղար էր. ասում է Վահեի դասընկերուհի Լարիսան:
«Ջանք չէր խնայում, որ դիմացինի համար ամեն ինչ լավ լինի: Նպատակասլաց էր: Թեպես ֆուտբոլը նրա տարերքն էր, բայց որոշել էր ուժերը բժշկության ոլորտում փորձել: Ափսոս, չհասցրեց: Շատ ափսոս…»,- նշում է Լարիսա Հարությունյանը:
Վահեն ավելի քան 7 տարի հաճախել է Սիսիանի ֆուտբոլի դպրոց: Սպորտի ոլորտում նրան մեծ ապագա էր սպասվում. վստահեցնում է «Սիսիանի ֆուտբոլի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Արզումանյանը:
«Լավ, թասիբով, ազնիվ տղար էր: Փոքրամարմին էր, արագաշարժ: Մեր դպրոցի լավագույն սաներից մեկն էր: Խաղում էր 7-րդ մարզաշապիկով: Բազմաթիվ մրցաշարերի է մասնակցել, արժանացել մեդալների, գավաթակիր էր»,-նշում է Արզումանյանը:
Ըստ ՊՆ տարածած հաղորդագրության՝ դիրքի ավագ, շարքային Վահե Հովսեփյանի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: