Մարդիկ հնարավորություն չունեն միսը բոյնիներ տանելու։ Եթե էդքան միսը տանեն, ինքնստինքյան ինքնարժեքն էլ ա բարձրացնելու, որակն էլ ա քցելու, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Գումի մսավաճառներից Անդրանիկ Պետրոսյանը։
«Թող մոտիկ տեղեր մինի բոյնիներ սարքեն, որ էս հարցը լուծվի։ Երևի անցած տարի էր, հավաքվեցին, գնացին, բայց առաջարկը չընդունվեց, որ գոնե ամեն համայնքում մինի բոյնի սարքեն։ Համ անասնաբույժ կաշխատի, համ 2-3 գյուղի մարդիկ, իրանց անասունը հանգիստ քշելով, կտանեն։ Թող պետական լինի, ստուգեն, հանգիստ մորթեն։ Պետության համար դժվար չի տարածք տրամադրի։
Գոնե էդ ժամանակահատվածում էդ ամեն ինչն անեն, հետո մեծը սարքեն, մարդիկ հանգիստ աշխատեն։ Բոլորն էլ ուզում են թղթով աշխատեն, նորմալ լինի։ Հիմա փաստորեն մենակ թուղթն ա պետք, ուրիշ ոչ մի բան, մսի որակը կարևոր չի։ Թող ստուգեն միսը։ Եթե վտանգ ա ներկայացնում, թող տանեն, վառեն, տուգանեն։ Բայց եթե առողջ միս ա, ինչի՞ համար տանեն, ոչնչացնեն։ Մենակ ասում են համաճարակ ու տանում են»,- ասաց մսավաճառը։
Ըստ նրա՝ ամեն տեղ, այդ թվում՝ մսի շուկայում, ձգտում են մենաշնորհի, մինչդեռ Գումի շուկայում սպառողը կարողանում է մսավաճառի հետ սակարկել և հարմար գնով միս գնել։ Անդրանիկ Պետրոսյանի խոսքով՝ եթե այսպես շարունակվի, Գումի մսի շուկան ի վերջո կփակվի։