Նիկոլ Փաշինյանի դիրքերը շատ անհասկանալի են՝ սկսած 2018 թվականից։ Այստեղ երկու կարծք կա. կամ նա պայմանավորված աշխատանք է տարել՝ հանձնելու Արցախը կամ նա, փողոցից գալով, բացարձակապես չի տիրապետել իրավիճակին, և նրա տգիտության պատճառով մեր երկիրը նման վիճակում է հայտնվել։ Ըստ էության՝ այս երկու տեսակետները պետք է միավորել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Ալիևի և Փաշինյանի մյունխենյան հանդիպմանը։
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Մյունխենում Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս խուսանավողի դիրքերից, ապագայի հեռանկար և քաղաքական որևէ դիրքորոշում չուներ։
«Լավ կլիներ, որ նա ընդհանրապես այնտեղ չգնար, քանի որ ասելիք չուներ։ Մենք բոլորս ենք տեսնում, որ որևէ հեռանկարային քաղաքականություն չի վարվում։ Սա շատ վտանգավոր է։ Հայաստանը մնացել է միայնակ, քանի որ քաղաքականություն ի վիճակի չէ վարելու, չունի դաշնակիցներ, քանի որ իր շահը չի կարողանում ձևակերպել և այս կամ այն բլոկի մեջ մտնել։ Սխալները հաջորդում են մեկը մյուսին, և դա բոլորը տեսնում են»,- ասաց Ստեփան Դանիելյանը։
Ինչ վերաբերում է Մյունխենում Ադրբեջանի նախագահի դիրքորոշմանը, վերլուծաբանը նկատեց.
«Այն, որ Ալիևն ասում է՝ ընտրելով Փաշինյանին՝ Հայաստանը համաձայնել է կապիտուլյացիայի հետ, կարծում եմ՝ ճիշտ է խոսում։ Նա ասում է, որ ոչ միայն ՀՀ ղեկավարությունը, այլ նաև ժողովուրդն է իրեն թույլ տալիս նման ձևով խոսել Հայաստանի ղեկավարի և հայ ժողովրդի մասին։
Հիշենք, որ պատերազմից հետո նա հայերին շներ էր անվանում, ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող մարդուն ամենավերջին խոսքերով էր դիմում, բոլորովին վերջերս էլ հայտարարեց, որ նա հարգանքի արժանի մարդ չէ։
Նման իրավիճակում ներկայանալ միջազգային հարթակներ՝ նշանակում է Ալիևին հնարավորություն տալ նվաստացնելու ՀՀ վարչապետին, Հայաստանին՝ որպես պետություն և հայերին՝ որպես ժողովուրդ։ Կարծում եմ՝ մենք այդ իրավունքն Ադրբեջանի ղեկավարին տվել ենք և շարունակում ենք տալ՝ հանդուրժելով նման ղեկավարությանը։ Պետք է ընդունել ճշմարտությունը»,- նկատեց վերլուծաբանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարները մասնակցել են Մյունխենի Անվտանգության 59-րդ ամենամյա համաժողովի շրջանակում Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը՝ «Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով:
Նույն օրը ԱՄՆ-ի պետքարտուղարի միջնորդությամբ և մասնակցությամբ Մյունխենում կայացել էր Բլիքեն-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը։