Կինը հետ չի մնում ամուսնուց. Աննա Հակոբյանը սոցցանցերի էջերում հրապարակել է տեսանյութեր ու լուսանկարներ նյույորքյան զբոսանքներից, վայելքներից։ Հեծանիվ քշելու տեսանյութն առանձին է հրապարակել՝ որպես արտասահմանյան ուղևորությունների բաղկացուցիչ և խիստ անհրաժեշտ մաս։
Իսկ երեկվա հրապարակման մեջ նշել է, որ մասնակցել է ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի կազմակերպած ընդունելությանը։ Հակոբյանը կարճ տեսանյութ է պատրաստել՝ ձեռքսեղմումներ տարբեր տիկնանց հետ։ Իսկ մասնավորապես Էրդողանի կնոջ հետ ձեռքսեղմումը, լուսանկարվելը առանցքային տեղ են զբաղեցնում տեսանյութում։
Azg.am-ի ընթերցողների նյարդերը խնայելու համար այդ տեսանյութը չենք հրապարակում, այն կարող եք գտնել Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջում։
Բայց չենք կարող չնկատել, որ նա ասես դիտավորյալ է հրապարակել Էրդողանի կնոջ հետ ջերմագին շփումների, նրա ձեռքն ափերի մեջ առնելու, լուսանկարվելու կադրերը։ Ի վերջո, նա է որոշում՝ հրապարակե՞լ դրանք, թե ոչ։ Էրդողանն ու նրա կինը հաստատ չէին ստուգելու՝ քանի կադր է նա տեղադրել իր սոցցանցային էջերում, բայց Հակոբյանը դրանց մեծ կարևորություն է տվել։ Կարճ reels-ում 5 կադր հատկացնել Էրդողանի կնոջ հետ հանդիպմանը, երբ մյուս տիկնանց ընդամենը հպանցիկ մեկ կադր է հատկացրել կամ չի էլ հատկացրել։
Առաջին հայացքից այս հաշվարկները կարող են «ձվի մեջ մազ փնտրելու» վարկած թվալ, բայց Հայաստանի ղեկավարի ու նրա կնոջ պարագայում այս հաշվենկատությունը դիտավորություն է նախ հայ ժողովրդին հունից հանելու, վրդեվեցնելու նպատակով, երկրորդ՝ ցույց տալու «անմնացորդ նվիրվածությունը», ծառայելու պատրաստակամությունը Էրդողանին ու նրա ձագին՝ Ալիևին։
Ամուսնու և կնոջ անթաքույց քաղաքականությունը թուրքամետ, ադրբեջանամետ, ծառայամիտ է։
Բայց ամեն ինչ այսքան ողբերգական չէր լինի, եթե ամուսինն ու կինը Հայաստանի ու Արցախի հետ ոչ մի կապ չունենային։