Հաագայի դատարանում այսօր լսել են Բաքվի գանգատն՝ ընդդեմ Հայաստանի։
«Ադրբեջանը դատարանին է դիմում խնդրանքով՝ դադարեցնել ադրբեջանցիների՝ էթնիկ և ազգային պատկանելության հիմքով շարունակական սպանությունները 2020-ի նոյեմբերին ստորագրված հայտարարությունից հետո ՀՀ-ի կողմից տեղադրված պայթուցիկ սարքերի միջոցով»,- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) հայտարարեց Ադրբեջանի փոխարտգործնախարար, արդարադատության միջազգային դատարանում այդ երկրի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը։
Նա «փաստեր» է բերել, թե Արցախի այն տարածքները, որոնք ադրբեջանական վերահսկողության տակ են, հայերն իբր ականապատել են։ Իբր Հայաստանը ռասսայական խտրականության հիմքով՝ ուզում է սպանել ադրբեջանցիներին։
«Մենք միայն մի պատճառով ենք այստեղ, որպեսզի կանգնեցնենք հայերի կողմից ադրբեջանցիների շարունակական սպանություններն էթնիկ ու ազգային ծագման հիմքով։
Մեկ տարի առաջ Հայաստանը դատարանին ասաց, որ Ադրբեջանի տարածքում ականապատ տարածքներ չկան։ Դա սուտ է, Ադրբեջանը նոր փաստեր է բացահայտել Հայաստանի կողմից ականների տեղադրման մասին»,- հայտարարեց Էլնուր Մամեդովը։
Նա ներկայացրեց նաև վիճակագրություն, որ իրենք Հաագայի դատարանի՝ 2021-ի դեկտեմբերի 7-ի որոշումից հետո հայտնաբերել են ՀՀ-ի կողմից տեղադրված 2700 նոր ականներ։ Ականների պայթյունից 282 ադրբեջանցիներ կամ զոհվել են կամ վիրավորվել, զոհվել են 33 քաղաքացիական անձինք։
Էլնուր Մամեդովը Հայաստանին մեղադրեց, թե ադրբեջանցիները շարունակում են տուժել, զոհվել, քանի որ Հայաստանը հրաժարվում է տրամադրել ականապատ տարածքների քարտեզները։ Նա Հայաստանին անվանեց ահաբեկիչ, մի երկիր, որն ուզում է միատարր ազգաբնակչություն ունենալ, վարում է էթնիկ զտման քաղաքականություն և վերացնում է ադրբեջանական հետքերն այն տարածքներից, որոնք ադրբեջանական են, բայց որտեղ հիմա հայերն են ապրում։