Հայաստանի իշխանությունները խոսում են Արցախի հարցի փակված լինելու մասին։ Հարց՝ ցույց տվեք մի պետություն կամ կառույց, որը Բերձորի միջանցքը բացելու կոչ չի արել։ Նրանք Բերձորի միջանցքի փակման հարցը չեն դիտարկում որպես Ադրբեջանի ներքին խնդիր. սա ապացուցում է, որ Բերձորի միջանցքի փակ լինելը դիտարկվում է արցախյան խնդրի շրջանակում. «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» համաժողովի ամփոփիչ ասուլիսին իր ելույթում ասաց համաժողովի մոդերատոր Աբրահամ Գասպարյանը։
Հայաստանի իշխանությունները ոչ միայն ձեռքները լվացել են Արցախից, այլև հայկական, ազգային կառույցները քանդելու, լուծարելու հստակ քաղաքականություն են վարում։ Անհնար է չընդունել, որ վերջին ժամանակներում Հայկական Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականությանը, արցախյան հարցին, սահմանափակվել է։ Աբրահամ Գասպարյանը սա նույնպես ՀՀ իշխանությունների ծրագրված դիրքորոշում է համարում։ Սփյուռքը միշտ իր մասնակցությունն է ունեցել Հայաստանի անվտանգային ու արտաքին հարաբերությունների ոլորտներում, բայց այսօր ՀՀ իշխանությունները ջրբաժան են ստեղծել Հայաստանի ու Սփյուռքի միջև։
Նա մի օրինակ բերեց. «Վերջերս Կանադայի հայ համայնքը հանդիպել է այդ երկրի ԱԳՆ ներկայացուցիչների հետ ու պնդել, որ Մեծ յոթնյակի պետություն հանդիսացող Կանադան ոչ թե ձևական հայտարարություն անի Բերձորի միջանցքը բացելու կոչերով, այլ գործնական քայլերով ստիպի Ադրբեջանին բացել միջանցքը։
Կանադային ԱԳՆ պաշտոնյան պատասխանել է. «Ես հասկանում եմ, որ մենք նաև հայկական քվեի միջոցով ենք եկել իշխանության, և պատրաստ ենք ստորագրել ձեր պահանջած հայտարարության տակ, բայց դուք պատրա՞ստ եք լսել Կանադայում ՀՀ դեսպանի արձագանքն այս առնչությամբ։
Ձեր պետությունը չի ուզում, որ նման հայտարարություն ընդունվի, պաշտոնական Երևանը հստակ դիրքավորվել է այս հարցում և հայկական լոբբինգային ներուժը ջլատելու հստակ քաղաքականություն է տանում»։