Պետք է դիմահար կրակով ոչնչացնեին հենց բարձրացավ մայթի վրա։ Կվիրավորվեր, թե կզոհվեր, կարևոր չի»,- սա իշխանական պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի պնդումն է փետրվարի 10-ին, Երևանի կենտրոնում «Համեռ» մակնիշի ավտոմեքենայով խուլիգանություն կատարած 25-ամյա վարորդի մասին։
Եթե իրավապահները որոշեն իրենց աշխատանքն առանց խտրականության կատարել, ապա կնկատեն, որ Արսեն Թորոսյանը մահվան սպառնալիք, սպանության, սպանության դրդելու հատկանիշներով բռնության, ատելության կոչ է արել։
Նշենք, որ Ոստկանությունն ու Քննչական կոմիտեն են նրա գործողություններն անվանել «խուլիգանություն»։ Իսկ խուլիգանության համար «դիմահար կրակով ոչնչացնել», այլ կերպ ասած՝ մահապատիժ սահմանված չէ։
Արսեն Թորոսյանը, որը մասնագիտությամբ բժիշկ է, ավելին՝ ղեկավարել է Հայաստանի առողջապահական համակարգը, այն կարծիքին է, որ պետք էր 25-ամյա երիտասարդին ուղղակիորեն ճակատից կրակել ու նրան կյանքից զրկել։
Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում ակնհայտ է, որ ոստիկանները, պարեկները չեն կարողանում կանգնեցնել «Համեռ»-ը։ Այն, որ մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացող իրավապահները չեն տիրապետում մասնագիտական կանոններին ու հնարքներին, չեն կարող արտակարգ իրավիճակից դուրս գալու արդյունավետ ելք գտնել, անզեն մի վարորդի չեն կարողանում վնասազերծել, դրա մասին քպ-ական պատգամավորը չի խոսում, իրենց իշխանության «բուծած ու բազմացրած» պարեկների մասնագիտական անորակությունը նրա աչքին չի երևում։ Եթե մասնագիտական որակներդ չեն ներում, մի քիչ անսովոր իրավիճակում որպես իրավապահ ու պարեկ՝ ամենաշատը կարող ես վազել կարգազանց «Համեռ»-ի հետևից, ուրեմն երկար-բարակ էլ մի մտածիր. զենքդ հանիր ու վարորդի ճակատին շարիր։
Արսեն Թորոսյանի մարդատյաց որակումը մեսիջ է՝ ցանկացած նման իրավիճակում «դիմահար կրակով ոչնչացրեք» մարդուն ու դրա համար պատիժ չեք կրի։
Բացի այդ, մասնագիտությամբ բժիշկ Քպ-ական պատգամավորն ի՞նչ իրավունք ունի գնահատականներ ու եզրակացություններ տալու մի ոլորտի վերաբերյալ, որը կոչվում է իրավապահ համակարգ, որի կանոններն ու օրենքները նա չգիտե, որն առնչվում է մարդու իրավունքների ու կյանքի հետ։
Արսեն Թորոսյա՛ն, որպես բժիշկի եմ հարցնում՝ պացիենտին սխալ բուժելու դեպքում ձեր սխալը կոծկելու, բարդ իրավիճակից հեշտորեն ազատվելու համար կսպանե՞ք հիվանդին։
Հենց այս հոգեբանությամբ էլ երկիր եք ղեկավարում՝ ինչից գլուխ չեք հանում (իսկ դուք ոչ մի բանից գլուխ չեք հանում), փոխանակ խնդիրները հասկանալու, կանխելու ու լուծելու, «դիմահար կրակով ոչնչացնում եք» ամեն ինչ։
Նաիր Յան