Մենք պարտավոր ենք բացահայտել հոկտեմբերի 27-ի գործը. Եռաբլուրում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Երկրապահ կամավորական միության» նախագահ Սասուն Միքայելյանը։
2018-ի իշխանափոխությունից հետո իշխանության ներկայացուցիչները պարբերաբար կրկնում էին, թե նախկինների ժամանակ հոկտեմբերի 27-ի գործը չի բացահայտվել, իսկ իրենց օրոք բացահայտվելու է։ 6 տարուց ավելի է՝ ոչինչ էլ տեղի չի ունեցել։
Սասուն Միքայելյանն այս առնչությամբ ասաց՝ բերեք չքաղաքականացնենք, Երկրապահն իր հայտարարության մեջ ասել է ամեն ինչ։ Պետք է պահանջատեր լինենք, որ բացահայտվի։ Եթե սա չբացահայտվի, մեր երկիրը որպես պետություն էլ չի կարա գոյատևի։
Ինչ վերաբերում է սահմանագծման, սահմանազատման կանոնակարգի ընդունմանը, Սասուն Միքայելյանն ասաց. «Ես կողմ եմ սահմանազատմանը, քանի որ մենք ոչ մի հնարավորություն չունենք էսօր ադրբեջանցու դեմ կռվելու։ 20 տարի ադրբեջանցիները ժամանակակից զենք-զինամթերք են առել, մեր իշխանություններն ալան-թալանով էին զբաղված։ Հենա ընդեղ կանգնած էն մարդը գոռում ա՝ երկիրը ծախեցիք։ Հետաքրքիր ա՝ էդ մարդն ուր ա տեսել, որ երկիրը ծախեցինք։ Երկրապահը շարունակում է սպարապետի թողած ավանդը։ 2020 թվականից Երկրապահը պահում է Հայաստանի պետական սահմանները՝ 7 ուղղությամբ»։
Միակողմանի զիջումների մասին հարցին Երկրապահի առաջնորդն այսպես պատասխանեց՝ սա Ռուսաստանի խաղերն ա, ու էսօր որ Վրաստանի ընտրություններում ռուսական թևն անցավ, մենք դեռ շատ անելիքներ ունենք, դեռ շատ մարտահրավերների պիտի սպասենք։