ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար՝
պարոն Արայիկ Յարութիւնեանին
Հասցէ՝ ք․Երևան, Հանրապետութեան հրապարակ, Կառավարական տուն 1
ՀՀ Արտաքին գործոց նախարար՝
պարոն Արարատ Միրզոյեանին
Հասցէ՝ ք․Երևան, Վազգէն Սարգսեան փ., Կառավարական տուն #2
Սեւակ Յակոբեանէն՝
Լիբանանի ԶԱՐԹՕՆՔ օրաթերթի
Գլխաւոր խմբագիր
13.12.2023թ.
Յարգելի պարոնայք,
Սոյն թուականի Դեկտեմբեր 7-ին ՀՀ Վարչապետի պաշտօնական կայքէջին վրայ հետեւեալ յայտարարութիւնը կարդացինք. «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի»:
Այս յայտարարութեան անմիջապէս յաջորդեց ՀՀ Վարչապետի կողակիցին՝ Աննա Յակոբեանին խմբագրութեամբ լոյս տեսնող «Հայկական Ժամանակ» թերթին հրապարակումը, ուր կար նշեալ 32 Հայ գերիներուն անունները, որոնց մէջ ներառուած էր լիբանանահայ Վիգէն Իւլճէքեանի անունը (հրապարակումին կապը՝ https://armtimes.com/hy/article/275256?fbclid=IwAR09ALiIMWOXbewhYoHFAfrhNudejkiXVoow3qS8mIPBUAUXGjboJmjlp0o):
Այսօր, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի ֆէյսպուքի էջին վրայ հրապարակուեցաւ նոյն ցանկը, որուն մէջ նշեալ հայորդիին անունը չկար, ու փոխարինուած էր այլ հայորդիի մը անունով:
Աւելի ուշ յետմիջօրէին, գերիներու տուն դարձէն ետք պարզուեցաւ, որ Վիգէնը իրապէս չկար այդ խումբին մէջ:
Հիմնուելով վերոյիշեալին վրայ, այս հարցին պարզաբանումը կը խնդրենք ձեզմէ, ինչպէս նաեւ կ՛ուզենք իմանալ մեր համաքաղաքացիին՝ որ միեւնոյն ժամանակ ՀՀ քաղաքացի է, ճակատագրին մասին:
Յարգանքով՝
Սեւակ Յակոբեան