Ամեն օր հանրության առաջ մի խաղալիք գցելու, զբաղմունքի թեմա տալու գործելաոճին արդեն վարժվել ենք։
Այսօր էլ ֆիզիկայի ուսուցչին դասարանում՝ աշակերտների աչքի առաջ, գետնին տապալելով, քարշ տալով բերման ենթարկելու «սենսացիայով» կերակարվեց ազգը։
Ինչ խոսք. անաչափահասի նկատմամբ սեռական ոտնձգության վարկածը սահմռկեցնող է, բայց դեռ կա անմեղության կանխավարկած կոչվածը, մեղադրանքը դեռ պետք է ապացուցվի։ Ու եթե անգամ արդեն ապացուցված էլ լիներ, դասի ժամանակ մի քանի հոգով դիմակավորված, զինված ներխուժել դասարան և ուսուցչին բերման ենթարկել ահաբեկչի պես, երբ ներխուժողներն իրենք են արտաքին տեսքով ու գործողություններով ահաբեկչի պես պահել իրենց, առնվազն դատապարտելի է։
Դետեկտիվ-թրիլլեր ֆիլմի այսպիսի տեսարան բեմադրած ԱԱԾ-ին մի՞թե դժվար էր տեղեկանալ, թե երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություն կատարելու մեջ կասկածվող ուսուցիչը այսօր դասը ե՞րբ է ավարտում, ե՞րբ է դպրոցից դուրս գալու։ Ըստ այդմ էլ, հնարավոր էր թրիլլերի տեսարանը բեմադրել դպրոցից դուրս, որպեսզի երեխաների հոգեհուզական ներաշխարհը չխաթարվի։
Եվ ո՞ր մի պայծառ գլխում է հղացել ուսուցչին բերման ենթարկելու օպերացիան իրականացնել ահաբեկչական օպերացիայի կանոններով՝ անչափահասի նկատմամբ բռնի, անհամաչափ ուժ կիրառողի նկատմամբ անհամաչափ, բռնի ուժ կիրառել հենց անչափահասների աչքի առաջ՝ դպրոցում, պարոնա՛յք, ԴԸՊ-ՐՈ-ՑՈՒՄ։
Բերման ենթարկելու ուրիշ ավելի հարմար տեղ չգտա՞ք, «օրենքի պահապան, օրենքի ծառա» տղերք։
Մասկի-շոուներից չհոգնեցի՞ք։ Անցյալ տարվա ամռանը սոցցանցերում սահմռկեցուցիչ տեսանյութ հրապարակվեց. 34-ամյա Աննա Արևշատյանը անհաղորդ դեմքով տասնյակ հարվածներ է հասցնում, մերկացնում դստերը, այնուհետև մյուս երկու անչափահաս երեխաներին ստիպում թքել և միզել դեռատի աղջնակի վրա։ Մոտ 10 րոպե ընթացող տեսանյութում մերկ երեխան լաց է լինում, մորը հարցնում՝ ինչի՞ համար է ծեծում։ Պարզվեց, որ այս կինը նաև սեռական բնույթի տեսանյութերում է նկարահանել իր երեխաներին ու փող աշխատել։
Այս կնոջ արարքն ավելի մեղմ է, քան ուսուցչի՞նը։ Ինչո՞ւ նրա ձերբակալումն էլ թրիլլերի տեսարանի նման չբեմադրվեց՝ դիմակավորված անձինք, անսպասելի ներխուժում, գետնին տապալել, բերանքսիվայր տանել…
Լավ, հասկացանք, «թամաշայի» համար անհրաժեշտ «մասովկա» չկար՝ դպրոց, հարյուրավոր աշակերտներ ու ուսուցիչներ, վախի մթնոլորտ…
Ձեր ձեռագիրը նույնն է, տղերք, բայց դրա համար ձեզ «մասովկա» է պետք, որ վախ ներշնչեք։ Նույն գործողությունը կատարելու համար ձեզ համապատասխան, տրամադրող միջավայր է պետք՝ կամ դպրոց, կամ Եռաբլուր. ու կապ չունի, որ մի դեպքում երեխային բռնաբարելու մեջ կասկածվողին եք քարշ տալիս, իսկ մյուս դեպքում՝ Հերոսների մայրերին։