Սահմանազատված ու սահմանագծված ՀՀ սուվերեն տարածքում հանգիստ ու ապահով ապրում է Կիրանցի մեր սիրելի քաղաքացին. ֆեյսբուքյան էջում տեղադրելով այս նկարը՝ գրել է քպական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
Յուրաքանչյուր նորմալ մարդ, այս գրառումն ու լուսանկարը տեսնելով, առնվազն պիտի մտածի՝ այս կնոջ խելքը գլխի՞ն է. փշալարն ու պատը Կիրանցի բնակչի տան միջով են անցնում, մեկ սանտիմետր այն կողմ թշնամու «տարածքն է», ու ինչ է թե պարտավոր է պաշտպանել իր խմբակի առաջնորդին, այս ողբերգական տեսարանին փորձում է շուք ու փա՞յլ հաղորդել ու դաժան իրականությունը ներկայացնել որպես երջանկության բերկրա՞նք։
Ցավն այն է, որ քպականի այս գրառումը մոտ 800 «լայք» ու «սրտիկ» է ստացել։

Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը քպ-ականի՝ քիչ է ասել՝ անմեղսունակ գրառման տակ մեկնաբանություն է թողել. «Տիկին Հակոբյան, ինչ սահմանազատումը՝ պատից այն կողմ՝ ՀՀ սուվերեն տարածքում, հանգիստ ու ապահով ապրում էին ևս 2 ընտանիք։
Եթե հավատանք, որ սահմանազատված հատվածում ավելի ապահով է, ապա ընդամենը 900 մետր վերև չսահմանազատված տարածք է։
Եվ երբ կրակում են Ներքին Հանդում ու Խնածախում ապրող մեր սիրելի քաղաքացիների տների վրա, ես Կիրանցում ապրելով ինձ ապահով ու հանգիստ չեմ կարող զգալ միայն այն պատճառով, ինչ է թե հենց իմ տան վրա չեն կրակում։
Հա, մեկ էլ երեխեքի ֆուտբոլի գնդակը ընկել է պատից այն կողմ։ Հիմա, երբ իբր խաղաղություն է, կարո՞ղ ենք խնդրել Ադրբեջանի սահմանապահներին, որ գցեն էս կողմ։ Շատ գեղեցիկ խաղաղասիրական քայլ կլիներ։
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը ևս արձագանքել է քպական պատգամավորի խայտառակ գրառմանը.
Պատգամավորն իր գրածին կից լուսանկար է տեղադրել։ Պատգամավորը չի տեղադրել նկարի շարունակությունը, որ սահման հանդիսացող պատի շարունակությունը շերտավարագույրի նմանվող թիթեղյա ցանկապատ է, որը, սահմանին սրացումների դեպքում չի կարող կիրանցիների անվտանգությունն ապահովել։
Քպական պատգամավորը չգիտի կամ՝չի ասում, որ Կիրանցի հողերի հանձնումից հետո խիստ նվազել են գյուղի արոտավայրերը, դրա հետևանքով նվազել է Կիրանցում պահվող խոշոր եղջերավոր անասունների քանակը։
Կիրանցից հողերի հանձնումից հետո Կիրանցում դժվարացել է հողերի մշակությունը։ 2024թվականին Կիրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան , այժմ ընդհանուր առմամբ, տարբեր տեղերում ընդհանուր մոտ 7 հեկտար աշնանացան ցորեն ու գարի ցանվել, գյուղում, բացի տնամերձ հողամասերից, գարնանացան չի արվել։ 2024թվականի դեկտեմբերին Կիրանց բնական գազ է մտել, սակայն գյուղի տներ գազատարի ճյուղավորումներ չեն տարվել, Կիրանցի առանձնատները գազաֆիկացված չեն։ Դրական է այն, որ պետական, վարկային աջակցությամբ Կիրանցում մոտ 50 տուն է կառուցվում։