Հայկական ազգային կինոակադեմիան պատասխանել է «Ակն ընդ ական» մշակութային կազմակերպության հարցերին՝ Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը «Օսկարին»չներկայացնելու հետ կապված։
«Ակն ընդ ականը» հարցրել է՝ ի՞նչ սկզբունքով, ի՞նչ չափանիշներով ու ի՞նչ մեխանիզմով է ընտրվում ֆիլմ Հայաստանը այլ կինոակադեմիաների մրցանակաբաշխություններին ներկայացնելու համար։
Ակադեմիան նշել է՝
– Բոլոր ներկայացված ֆիլմերը դիտում են կինոակադեմիայի անդամները, ապա հատուկ նիստով անցկացվում է փակ քվեարկություն, և ամենաշատ կողմ ստացած ֆիլմը ներկայացվում է «Օսկարին»։
Ակադեմիան շեշտել է՝
– Կինոակադեմիայի անդամը, որը կապ ունի ներկայացված ֆիլմի հետ, չի մասնակցում քվեարկությանը։
Ակադեմիան կարծում է՝
– Կինոակադեմիկոսները ընտրություն կատարելիս հաշվի են առնում ոչ թե ֆիլմի ստացած մրցանակների ցանկը, այլ առաջնորդվում են նրա գեղարվեստական արժանիքներով։
«Ակն ընդ ականը» վստահ է, որ մրցանակների ցանկը ներկայացվում է ոչ թե սոսկ որպես մրցանակների մասին գրություն, այլ հավաստիացում, որ բազմաթիվ կինոգործիչներ գնահատել են «1489» ֆիլմի գեղարվեստական արժանիքները, այդ թվում՝ վավերագրական ֆիլմերի աշխարհի ամենախոշոր IDFA փառատոնի:
Հետևաբար, Հայկական ազգային կինոակադեմիայի գնահատականը համեմատած աշխարհի կինոգործիչների, ինչպես նաև Հայկական կինոակադեմիայից դուրս հայ կինոգործիչների՝ «1489» ֆիլմի գեղարվեստական արժանիքների անչափ բարձր գնահատելու հետ անհասկանալի է, տարօրինակ և անարդար։
Այլ մրցակցության պայմաններում այսպես չէր ընկալվի, սակայն Հայաստանի անկախ պատմության ամենահաջող ֆիլմի և ամենահաջող ֆիլմը «Օսկարին» չներկայացնելու, Հայաստանի առաջին «Օսկարը» ստանալու հավանականությունը նվազեցնելու, Արցախի՝ մեր իրավիճակի խնդիրները այս ֆիլմով բարձրացնելու հնարավորությունը զրոյացնելու պարագայում, այդպես է։
Այսպիսով, «Ակն ընդ ականը» կարծում է, որ Հայկական ազգային կինոակադեմիան վստահելի և ձեռնահաս կառույց չէ՝ որոշելու, թե Հայաստանն ինչ ֆիլմ պետք է ներկայացնի «Օսկարին»։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային կինոամադեմիան չի ընտրել Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը՝ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշությանը Հայաստանը ներկայացնելու համար։
Ընտրվել է Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը», որը միջազգային ցուցադրություններ չի ունեցել և միջազգային մրցանակների չի արժանացել։