Փաշինյանը մի քանի տարի փորձում է հարաբերություններ կառուցել թուրք առաջնորդի հետ. գրում է BBC-ի թղթակից Գրիգոր Աթանեսյանը։
BBC-իում հրապարակված նրա հոդվածը Azg.am-ը ներկայացնում է թարգմանաբար.
Թուրքիայի նախագահի հրավերով Հայաստանի վարչապետի այցը երկու երկրների ղեկավարների միջև այս մակարդակի առաջին հանդիպումն է։ Սակայն եթե Նիկոլ Փաշինյանը ձգտում է Թուրքիայի հետ հարաբերությունների արագ կարգավորման, ապա Էրդողանը դրա համար նրա առաջ Ադրբեջանի հետ հաշտվելու պայման է դնում։
Երկու երկրների դիրքորոշումների մերձեցումը սկսվեց Փաշինյանի կողմից լայնածավալ զիջումներով։ Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելը, հարևանների նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելը և ցեղասպանության հարցը օրակարգից հանելը նշանակում են, որ այլևս խոչընդոտներ չկան հարաբերությունների կարգավորման և Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանների բացման համար։
Սակայն Անկարան նախապայման ունի. նախ պետք է խաղաղության համաձայնագիր ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց այդ բանակցությունները փակուղի են մտել։
Հայկական դիվանագիտության խնդիրն այժմ այս երկու գործընթացները միմյանցից անջատելն է։ Փաշինյանի և Էրդողանի հանդիպման արդյունքները ցույց կտան, թե արդյոք Թուրքիան պատրաստ է դրան։
Փաշինյանը դատապարտել է Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները այրելու ավանդույթը, որը տեղի է ունենում Երևանում, Հայոց ցեղասպանության հիշատակի օրը։
Հայաստանի կառավարությունը ցանկանում է հաշտություն կնքել Ադրբեջանի և Թուրքիայի հետ և հրաժարվել փոխադարձ պահանջներից։ Դրա համար այն փորձում է վերացնել հարաբերություններում առկա նյարդայնացնող գործոնները։ Օրինակ՝ Փաշինյանը մերժեց Արարատ լեռը՝ որպես հանրապետության խորհրդանիշ, քանի որ այն գտնվում է Թուրքիայի տարածքում։ Մեկ այլ խորհրդանշական քայլ էր Երևանի կողմից Պաղեստինի ինքնավարության ճանաչումը որպես ինքնիշխան պետություն՝ Էրդողանի խնդրանքով։
Հայաստանը խոստանում է, որ արագ հաշտեցումը նյութական օգուտներ կբերի ամբողջ Հարավային Կովկասին և նրա հարևաններին։ Փաշինյանը ցանկանում է բացել սահմանները տարածաշրջանի բոլոր երկրների միջև և վերացնել տնտեսական խոչընդոտները։ Նա Հայաստանը տեսնում է որպես «աշխարհի խաչմերուկ»՝ ճանապարհներով, գազատարներով, մալուխներով և էլեկտրահաղորդման գծերով, որոնք կկապեն Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը և Թուրքիան։ Ծրագիրը խոստանում է Սև ծովի և Պարսից ծոցի, ինչպես նաև Կասպից և Մարմարա ծովերի միջև ամենակարճ ճանապարհը։
Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու փորձերը նոր չեն. երկու երկրների նախագահները 2009 թվականին ստորագրել են հարաբերությունների կարգավորման արձանագրություններ: Այնուհետև գործընթացը խափանվել է Ղարաբաղյան հակամարտության, 1915 թվականի հայերի կոտորածը որպես ցեղասպանություն միջազգային ճանաչում ստանալու Հայաստանի ջանքերի և սահմանի շուրջ առկա անհամաձայնությունների պատճառով:
«Ադրբեջանը մեծ դեր խաղաց Թուրքիայի կողմից համաձայնագիրը չվավերացնելու գործում», – գրել է ղարաբաղյան հակամարտության պատմաբան Թոմ դե Վաալը։ Նմանատիպ արշավ ծավալեցին նաև ազգայնականները և սփյուռքի ներկայացուցիչները, որոնք պնդում էին, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը։
Այդ ժամանակվանից ի վեր տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվել է։ Ադրբեջանական բանակը վերականգնել է վերահսկողությունը Ղարաբաղի նկատմամբ, իսկ Փաշինյանը ճանաչել է այն որպես Ադրբեջանի մաս։ Սահմանային հարցը նույնպես հանվել է օրակարգից՝ Հայաստանը այլևս տարածքային պահանջներ չունի իր հարևանների նկատմամբ։
Փաշինյանը նաև խզեց կապերը անցյալի հետ 1915 թվականի հարցի շուրջ։ Մարտին թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այսօր մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ չէ»։ Վարչապետը բացատրեց, որ այժմ առաջնահերթությունը հարևանների հետ խաղաղությունն է, այլ ոչ թե անցյալի ողբերգությունների շուրջ վեճերը։
Պաշտոնապես, Երևանը շարունակում է 1915 թվականին Օսմանյան կայսրության հայերի և այլ քրիստոնյա հպատակների զանգվածային սպանությունները համարել ցեղասպանություն, մի տեսակետ, որի հետ համաձայն են պատմաբանների մեծ մասը: Ըստ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի (IAGS), զոհվել է ավելի քան մեկ միլիոն մարդ: Սակայն Անկարան պնդում է, որ դա ցեղասպանություն չէր, այլ կոտորած, որի ժամանակ զոհվել են և՛ հայերը, և՛ թուրքերը:
Սակայն, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքերի մերժումը, Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելը և գոյություն ունեցող սահմանների ընդունումը բավարար են, որպեսզի Երևանի և Անկարայի միջև տարաձայնություններ չմնան։
Եվ այնուամենայնիվ, Էրդողանի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը նախ պետք է խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ, և միայն դրանից հետո կարող է խոսել հարաբերությունների կարգավորման մասին: Իսկ Երևանի և Բաքվի միջև խոր հակասությունները դեռ մնում են:
Փաշինյանի խնդիրն է հասնել դիվանագիտական ճեղքման և սկսել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ այն անջատելով Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելուց։