Անվտանգության խորհրդի քարտուղարը ժողովրդին էլի «տոկի է տվել»։
Շաբաթ իրիկունով հայտարարեց. «Հայաստանն ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու։ Եվ Հայաստանը միայն կարողություն է ձեռք բերում՝ պաշտպանություն կազմակերպելու նպատակով։ Սցենարները կարող են տարբեր լինել, կարող է այս պահին մենք բոլոր սցենարներին պատրաստ չենք, բայց մեր ջանքերն ուղղված են նրան, որ մենք ունենանք բավարար կարողություն բոլոր վտանգները չեզոքացնելու համար»։
Ոչ մի նորմալ երկրի ԱԽ քարտուղար հենց այնպես այսպիսի հայտարարություն չի անի, որովհետև դա մեծագույն պատասխանատվություն է, էլ չասենք՝ նաև մեսիջ։ Բոլոր լուրջ երկրներում այսպիսի հայտարարությանը պետք է նախորդի զորքերը պատշաճ պատրաստվածության բերելու գործընթացը։ Բայց քանի որ մենք լուրջ երկրների շարքում չենք, հետևաբար, գնում ենք Եղվարդի խճուղում լոլիկով ամենամեծ ձվածեղն ուտելու կամ էլ Երևանի ցանկացած հրապարակ ու փողոց՝ գինու ու գարեջրի փառատոն անելու։
Ի վերջո, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն միայն այս հայտարարությունը չի արել, չէ՞. նույն օրը մի անգամ էլ է «տոկի տվել» մեզ՝ նախապատրաստելով բրնձի անցնելուն։ Քարից հաց քամող մեր ժողովուրդը, որի սեղանին հացը պարտադիր է, մի գեղեցիկ օր չինացի կդառնա. առավոտյան՝ բրինձ, կեսօրին՝ բրինձ, երեկոյան՝ բրինձ։ ԱԽՔ-ն է ասել. «Մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի․ ցորենի փոխարեն բրիձը դառնա ռազմավարական ապրանք»։
«Ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները» ասելով՝ Արմեն Գրիգորյանը, հասկանալի է, որ նկատի ունի Ռուսաստանին ու այդ երկրից հացահատիկային կախվածությունից ձերբազատվելուն։ Ի վերջո, Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցից էլ պարզ դարձավ, որ Պուտինն այևս չի ուզում աշխատել ՀՀ իշխանության հետ՝ եթե չկա քաղաքական համագործակցություն, չպետք է լինի նաև տնտեսական։
Հետևաբար, գուցե գա նաև ցորենից բրնձին անցնելու ժամանակը։
Համ էլ բրնձի փառատոն էլ կունենանք։ Լավ չի՞…